Search
Close this search box.

«Վիրավորների հարցը դեռ ճշտվում է». Նորաբակի գյուղապետարանի աշխատակից

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ երեկ տեղի ունեցած փոխհրաձգությունը գիշերը դադարել է, վիրավորների հարցը դեռ ճշտվում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակի գյուղապետարանի աշխատակից Արմեն Ղազարյանը։

«Այս պահին հանդարտ վիճակ է։ Կրակոցները գիշերն արդեն իսկ դադարել է։ Զոհի մասին արդեն հայտնի է, վիրավորների հարցը դեռ ճշտվում է»,- ասաց նա։

Ղազարյանի խոսքով՝ հայկական դիրքերն համայնքից հեռու են մոտավորապես 6-7 կմ։

«Կրակոցները գյուղում լսվում էին, մանավանդ գիշերվա ժամին։ Բնակիչներն արդեն ընտելացել են այդ վիճակին»,- ասաց նա։

Նշենք, որ ադրբեջանական կողմի արձակած կրակոցների հետեւանքով զոհված ժամկետային զինծառայողը 19-ամյա Սուրեն Յուրիկի Սաֆարյանն է։ Նա Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր: Զոհված զինծառայողն ազգությամբ եզդի էր, բանակ էր զորակոչվել նախորդ տարի՝ ծառայության մեկ տարին արդեն լրացել էր: