Search
Close this search box.

Պեսկովը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը և բոլոր կողմերի պատրաստակամությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անկասկած, ինչ-որ փուլում այդ շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն որպեսզի դրանք հնարավոր դառնան, անհրաժեշտ է երեք կողմի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Վերջինս հավելել է, որ Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին տիրող հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում և հանդես է գալիս եռակողմ համաձայնության պահպանման օգտին:

«Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերսկսումն իսկապես այն է, ինչ երեկ լուրջ անհանգստության պատճառ դարձավ, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվեց հակամարտող կողմերին զսպվածության կանչել»,- ասել է Պեսկովը:

«Ռուսական կողմը հետագայում ևս կշարունակի անել դա: Մենք այնուամենայնիվ հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է»,- ընդգծել է Պեսկովը: