Search
Close this search box.

Ինչո՞ւ սկսվեց պատերազմը

Այս անսովոր հարցը ՝«խաղաղության դարաշրջանում» երեկվանից կախված է Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների շուրթերից։ Նվիրական խաղաղությունը պարզվեց ընդամենը մի կարճ դադար է։ Երբ լռում են ՝ քաղաքական գործիչներ և դիվանագետները, սկսում են խոսել թնդանոթները։

Երեկվա ռազմական գործողությունների մասին խոսվել է, բայց ոչինչ չի արվել։ Ես այսօր չեմ մեղադրելու ՝ Ադրբեջանին, որովհետև այն ինչ կատարվում է հիմա, կատարվում է իշխանության լուռ համաձայնության ներքո։ Մենք ազգովի նման ենք այն կովին, որը հանգիստ արածում է դաշտում, բայց մյուս կողմում մորթում են նրա հորթին։ Առհասարակ մենք ազգովի սիրում ենք խոսել, բայց ո՛չ գործել։ Լավ Նիկոլը դավաճան է, Քոչարյանը մարդասպան, Սերժն էլ չիբուրաշկա։ Իսկ մենք ինչ ենք։ Ժողովուրդ ախր նրանք մեր հավաքական կերպարներն են։ Ուշադիր նայեք ձեր շուրջը և կտեսնեք նրանցից յուրաքանչյուրին։

Ժողովուրդ մի՞թե սեփական կաշին այդքան թանկ է, որ պատրաստ եք կողքի կանգնած հետևել պետության կործանմանը, հայ ժողովրդի պատմության վերջին էջը փակելուն: Թե՞ այնքան անմեղսունակ և տգետ եք, որ կարծում եք` վերջին պահին ինչ-որ հրաշք է լինելու` Աստված ձեռք է մեկնելու, և փրկվելու եք, ու պետությունն է փրկվելու։

Որևէ գերտերություն մեր փրկիչը չէ։ Պարզապես պետք է ունենալ իրական ու բնական դաշնակից, որի հետ կունենանք հնարավորինս շատ ընդհանուր շահեր ու հետևաբար նաև ընդհանուր նպատակներ։ Տարբեր ուղղություններով խաղեր տալով ճակատագրական պահերին մենակ մնալն օրինաչափություն է։ Մեր երկիրը այն դիրքում ու վիճակում չի գտնվում, որ դնես դիվանագիտական փորձարկումների մեջ։ Չես կարող օգնություն խնդրել ՌԴ-ից, բայց նույն օրը իշխանական որոշ պատգամավորներ հանդես գան հակառուսական տեքստերով, իսկ դու գնաս Բայդենի հետ հանդիպման։ Պարզապես մեծ քաղաքականության մեջ այդպես չի լինում։ Կան բաներ, որ գրքային ու գիտական ճշմարտություններ են ու հարյուրամյակներով պատմության մեջ փորձված են։

Այս իրավիճակը նմանվում է «Հարյուրամյա պատերազմի» առաջին շրջափուլին, երբ Անգլիացիները պատերազմում էին, իսկ ֆրանսիացիները ցուցադրում իրենց ասպետությունն ու քաջությունը։ Պատերազմի այդ շրջանում Անգլիայի Էդուարդ 3-րդ թագավորին հաջողվել էր օկուպացնել Ֆրանսիայի գրեթե ամբողջ հյուսիսային հատվածը և ֆրանսիական թագավորության գոյությունը մազից էր կախված։ Այս դրվագը հիշեցի, քանի որ, կարծես թե, մենք էլ չենք հասկանում, որ Ադրբեջանը պատերազմում է, իսկ Հայաստանն իր թշվառ կարողություններով իմպերիալիստական զորեղ հոսանքների կիզակետում ցուցադրում է իր ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը։ Հայ ժողովուրդը գնում է նոր աղետի, այնել ծափ տալով ու հրավառությամբ։ Կներեք մեզ Արցախ և Հայաստան, որ մենք այսքան ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ և չենք հասկանում ձեր արժեքը։

esse.am