Search
Close this search box.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բազմիցս ապատեղեկատվություն տարածած, թշնամուն մեր սահմանային իրավիճակի մասին ԱԺ ամբիոնից հայտարարած, իր ընտրողներին դավաճանած, ճամբարափոխ պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» լրատվամիջոցը, (եթե կարելի է այդպես անվանել) ևս մեկ անհեթեթ սուտ է հրապարակել իմ մասին։
Այս անգամ ստի նպատակն է արատավորել իմ համբավը՝ ինձ կապելով նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած սպանությունների հետ։ Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ես եղել եմ դեպքի վայրում։

Որպեսզի բոլորի համար ակնհայտ լինի, որ «Ժողովուրդ»-ը սուտ և կեղծիք տարածող լրատվամիջոց է, հարկ եմ համարում նշել․

1․ Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին։
2․ Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել։
3․ Դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, լրատվամիջոցներից։
4․ Սահմանային անցակետում հաշվառված է նոյեմբերի 10-ից 16-ը իմ ՌԴ-ում գտնվելը (կից անձնագրիս կնիքները)։
5․ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են դա․ ՀԱՊԿ-ի պաշտոնական հոդվածը:

Ի դեպ, զրպարտության հիմքով դիմելու եմ դատարան, քանի որ տվյալ լրատվամիջոցը դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող «փաստացի տվյալների» տարածման միջոցով փորձել է արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը։ Փաստաբանիս հետ մտածում ենք նաև քրական գործ հարուցելու դիմում ներկայացնել։ Դեռ պետք է պարզել, այդ ստերի նպատակը։