Search
Close this search box.

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, նախագահությամբ Սևակ Համբարձումյանի, բեկանել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավով ազատ արձակելու որոշումը և կալանավորման որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

«Դատարանի ամենախայտառակ որոշումն է։ Ինչպե՞ս կարելի է կալանավորել հինգ անչափահաս երեխա ունեցող, երկրորդ կարգի հաշմանդամ մարդուն, որն ընդամենը դատարան մտնելուց առաջ փորձում էր կարգավորել Գորիս-Կապան ճանապարհի հարակից գյուղերի բնակիչների հարցերը։ Այսպիսի պարագայում առհասարակ պետք է փակել գրավի ինստիտուտը Հայաստանում կամ էլ գրավը կիրառվում է միայն հանցագործ, քրեաօլիգարխիկ խավերի նկատմամբ»,- նշեց նա։

Պաշտպանի խոսքով՝ Հովսեփյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի։

«Հնարավոր է՝ մաքսակետերի տեղակայման համար են կալանավորել կամ փորձում են կապանցիներին վախեցնել քաղաքապետի ընտրություններին ընդառաջ»,- ընդգծեց Արմեն Մելքոնյանը։

Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ որոշումը վիճարկելու են Վճռաբեկ դատարանում․ «Իհարկե, հույսը չնչին է, բայց մինչև վերջ պայքարելու ենք»։

Հիշեցնենք, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) եւ ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Այդ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 3 անձ, նրանց թվում է նաեւ Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։