Search
Close this search box.

Դատարանը հանեց Առուշ Առուշանյանի տեսակցությունների արգելքը, բայց հեռախոսազանգերի արգելքը պահեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր կայացած դատական նիստում դատարանը մասնակի բավարարեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը:

Դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ` պահպանել հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը:

Ինչ վերաբերում է Առուշանյանին «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանն այս պահին նպատակահարմար չգտավ դա անել և մերժեց պաշտպանների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Առուշանյանը, ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում, մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Համայնքապետի խոսքով` այս փուլում իր հիմնական առաքելությունը սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելն է։
Հոկտեմբերի 17–ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գորիսում հաղթեց «Առուշ Առուշանյան» դաշինքը։