Search
Close this search box.

Նոր տեղեկություններ Արցախում կորած 16 և 17-ամյա պատանիներից

Հոկտեմբերի 31-ին ժամը 20:09-ին ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Կ.Ս-ն և 17-ամյա Ա.Պ-ն մոլորվել են՝ նախնական տվյալներով Խնածախ գյուղին հարող անտառածածկ տարածքում: Վերջիններս մարզիկներ են, ովքեր վազքով անցել են արտամիջյան ճանապարհը, այնուհետև մառախուղի պատճառով կորցրել տեղանքի կողմնորոշումը:
Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարական ու ոստիկանական ջոկատները ԱԻ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանի գլխավորությամբ մեկնել են տվյալ տեղամաս:

Տղաների հետ ժամանակ առ ժամանակ բջջային կապ հնարավոր էր հաստատել, ինչը որոշակիորեն պետք է հեշտացներ որոնման գործընթացը, սակայն մթության ու մառախուղի պատճառով նրանք չէին կարողանում իրենց գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն տրամադրել:

Ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացվել աշխարհագրորեն բարդ ռելիեֆային գոտիներում: Գիշերն աշխատանքներն արդյունք չեն տվել:
Շուրջ 15 ժամ տևած որոնումներից հետո՝ այսօր ժամը 13:25-ին տղաները գտնվել են և տեղափոխվել Ստեփանակերտ: Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն