Search
Close this search box.

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր

shamshyan.com -ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում գտնվող «BBG» նախկին բժշկական կենտրոնի մոտ, բախվել են Mitsubishi Pajero Io և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մարտունու բաժին, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Ա. Մանուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից 3-ին տեղափոխում են Երևան:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: