Search
Close this search box.

Վրաստանին՝ Ջավելին, Հայաստանին՝ Իգլա Ս

Lragir-ը գրում է.
ԱՄՆ Պետդապարտամենտը հավանություն է տվել Վրաստանին 75 միլիոն դոլարի Ջավելին հակատանկային համալիրներ մատակարարելուն:
Վրաստանն ԱՄՆ-ին է դիմել 410 հրթիռ, 72 նշանառության-արձակման սարքավորում, 10 ուսումնական համալիր գնելու համար: Ամերիկացի զինվորականներն իրենց վրա են վերցրել սարքավորումների տեխնիկական սպասարկումն ու դրանց տեղափոխումը: ԱՄՆ Կոնգրեսը պետք է հավանության արժանացնի գործարքը:
Ջավելինն ամերիկյան հակատանկային հրթիռային համալիր է՝ նախատեսված զրահատեխնիկայի եւ նաեւ ցածր թռչող ու դանդաղընթաց թիրախների խոցման համար (ուղղաթիռներ, անօդաչու սարքեր):
Հայաստանը նույնպես համակարգերի կարիք ունի, որոնք կպաշտպանեն ցածր թռչող սարքերից, այդ թվում՝ դրոններից: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը կամիկաձե դրոններ է օգտագործել, եւ հայկական ուժերն ընդունել են, որ վատ են պաշտպանված դրանցից: Հենց դրանք են ամենամեծ վնասը հասցրել:
Հայաստանում ռազմական փորձագետները պնդում էին, որ բանակը համակարգեր է փնտրում, որոնք կչեզոքացնեն դրոնները: Փորձագետները հենց դրա հետ են կապում Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Չինաստան: Այս մասին խոսվել է նաեւ հայ-իսրայելական հարաբերությունների հաստատման փորձերի համատեքստում, որն ունի այդ տեխնոլոգիաները:
Ռուսաստանը, ինչպես նշում էին փորձագետները, նման տեխնոլոգիա չունի: Տարածաշրջանում, որը Ռուսաստանը համարում է իր ազդեցության գոտի, այդպիսի համալիրների հայտնվելը Մոսկվայի համար անընդունելի է: Ռուսաստանն էլ, ըստ երեւույթին, որոշել է զարգացնել իր տեխնոլոգիաները՝ արդիականացնելով հները:
Հնարավոր է, դրանով է պայմանավորված, որ Հայաստանը ոչ Չինաստանի, ոչ էլ Իսրայելի հետ պայմանագրեր չի ստորագրել (ամեն դեպքում, չի հայտարարվել): Դրա փոխարեն Հայաստանը հայտարարել է Ռուսաստանից Իգլա-Սուպեր ՀՕՊ համալիրներ գնելու մասին: Հայաստանի ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ այդ համալիրները կարող են մարտական խնդիրներ լուծել, այդ թվում, գիշերը «Մաուգլի» գիշերային տեսանելիության սարքերի շնորհիվ:
Իգլա-Ս-ը զենիթահրթիռային համալիր է՝ նախատեսված մինչեւ 6000 մ հեռավորության եւ 3500 մ բարձրության վրա թիրախներ խոցելու համար:
Նրա խոսքով, նորագույն տեխնիկայի ձեռքբերումը թույլ կտա կրակի բարձր խտություն ապահովել ու ուղղաթիռների դիմագրավելու համակարգ ստեղծել: Պողոսյանը նշել է նաեւ, որ Իգլա-Ս ԶՀՀ-ն իր դասում լավագույնն է հրթիռի թռիչքի հեռավորության չափանիշով եւ կարող է անգամ ամենափոքր դրոնները խոցել:
Հատկանշական է, որ այս իրադարձությունների ֆոնին Հայաստան է ժամանել չինական պատվիրակություն Չինաստանի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով կոմիսար Չեն Գոպինի գլխավորությամբ:
Գոպինն ընդգծել է, որ Չինաստանը կարեւոր նշանակություն է տալիս բազմաշերտ համագործակցությանը եւ մտադիր է այդ ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկել: Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ Չեն Գոպինի այցը նոր խթան կլինի անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարում հայ-չինական համագործակցության համար: Պաշտոնական հաղորդագրությունում նշված չէ՝ արդյոք համագործակցությունը նախատեսում է սարքավորումների կամ համակարգերի մատակարարում: