Search
Close this search box.

Իրանը համաձայնել է Նախիջևանով Թավրիզ-Ջոլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին

Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարի խոսքերով՝ Թավրիզ-Ջոլֆա գնացքը կգործարկվի և Նախիջևանի միջոցով կմիացվի Երևանին ու Թբիլիսիին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների հետ համագործակցությանը և փոխգործակցությանը», – իրանական «Մեհր» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին՝ անդրադառնալով Հայաստան կատարած իր երկօրյա այցին:

Էսլամին նաև ասել է, որ Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունները միշտ կայուն են եղել՝ իրանցիների նկատմամբ հատուկ վստահություն ցուցաբերելով:

«Այս ուղևորության ընթացքում լավ հանդիպումներ ու բանակցություններ անցկացվեցին երկու երկրների պաշտոնյաների միջև, ու երեք փաստաթուղթ ստորագրվեց երկու կողմերի միջև», – նշել է իրանցի պաշտոնյան։

Ըստ Էսլամիի՝ երկու կողմերի միջև կարևորագույն խնդիրներից է տեխնիկական ինժեներական ծառայությունների արտահանումը և համատեղ ներդրումները ճանապարհաշինության, մայրուղիների, երկաթուղիների և կամուրջների ու թունելների կառուցման և լոգիստիկ կենտրոնների ստեղծման ոլորտում:

«Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հուշագրին, ապա ջանքեր են գործադրվում Նախիջևանի միջոցով Թավրիզ-Ջոլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին», – գրել է «Մեհրը»:

Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների և Հայաստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրն էական ազդեցություն կունենա Ջոլֆայի շրջանի վրա:

«Հատկանշական է, որ նա այցելել է Նորդուզի [Մեղրիին սահմանակից գյուղ Արևելյան Ատրպատական նահանգում] հատման սահմանի տարբեր հատվածներ ու շեշտը դրել այս տերմինալի զարգացման վրա` միջազգային փոխադրումներն արագացնելու համար», – հավելել է իրանական լրատվամիջոցը:

Փաստորեն Իրանը համաձայնել է Նախիջևանով դեպի Հայաստան ու Վրաստան երթուղուն։