Search
Close this search box.

Քանդված, փլատակ գյուղեր են. Իմքայլականը՝ հայկական գյուղերի մասին, որոնք ինքն ադրբեջանական է անվանում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Չնայած Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմաններն ադրբեջանցիների կողմից դեռ մնում են զավթված, սակայն «ԻՔ» պատգամավորները վստահեցնում են, որ դրանից իշխանության վարկանիշը չի իջել, եւ հունիսի 20-ի ընտրություններին իրենք առնվազն 50+1 են հավաքելու։

Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ադրբեջանական հազարից ավելի զինվորներ եկել բնադրվել են Սյունիքում, զավթել Սեւ լճի՝ փաստացի ՀՀ տարածքը։ Իսկ Արցախի հանձնումը մարսած իշխանությունները մատը մատին խփելու փոխարեն պատրաստվում են երրորդ փաստաթուղթը ստորագրել, որով, ըստ էության, կկատարեն Ադրբեջանի նախագահի պահանջը։ Եվ Սեւ լճից հետ նահանջելու փոխարեն կստանան տավուշյան սահմանամերձ որոշ համայնքներ եւ Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին։ Թեեւ իշխանությունները հույժ գաղտնի են պահում ստորագրվելիք փաստաթղթի իրական բովանդակությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իմքայլական պատգամավորներից ոմանք արդեն հող են նախապատրաստում զիջումների գնալու համար եւ հայտարարում են, որ Տավուշում ադրբեջանական տարածքներ կան մեր տնօրինության տակ։ Նախօրեին Փաշինյանի քավոր, պատգամավոր Վահե Ղալումյանն անգամ թվարկեց այդ համայնքները։ «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար․ քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են»,- ասել էր ծնունդով իջեւանցի պատգամավորը՝ ըստ էության մատնելով, թե որ գյուղերն են հանձնվելու թշնամուն։

Երեկ նա մեզ հետ զրույցում փորձեց խմբագրել իր աղմուկ հանած հայտարարությունը՝ ասելով, թե նշել է նաեւ, որ մեր «բազմաթիվ» տարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ են, եւ ինքը չի ասել, թե իր թվարկած համայնքները հանձնելու են հակառակորդին, պարզապես նշել է, որ ադրբեջանական են։ Հարցին՝ դուք հիմա Ադրբեջանի՞ շահերն եք պաշտպանում, թե՞ Հայաստանի։ Նա կրկնեց, որ քարտեզով դա է իրականությունը։ «Ես ուրիշ քարտեզ չունեմ, Դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք»,- վրդովվեց նա։

Ղալումյանը ստորագրվելիք փաստաթղթին ծանոթ չէ, չի կարող ասել՝ սահմանազատման արդյունքում ինչ պատկեր կունենանք․ «Հանձնաժողովը կձեւավորվի, աշխատանք կանեն, կնստենք կխոսենք, թե որ կտորը, որ հատվածը ոնց է լուծվում»։ Բայց մինչ այդ աշխատանքները կսկսվեն, Դուք արդեն իրենց օգտին խոստովանություն եք արել, սա նշանակում է, որ անհնարին է լինելու նշված համայնքները մեզ պահելը։ «Որ նման տարածքներ կան, դա գաղտնիք չէ, էլի եմ ասում»։ Պատգամավորն ավելի հեռուն գնաց՝ նշելով, որ այդ գյուղերը բնակեցված չեն․ «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են։ Դրա փոխարեն մենք ունենք Բերքաբերից հսկա տարածք իրենց մոտ, Կոթի գյուղից, Բերդի տարածաշրջանից»»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում