Search
Close this search box.

Պարտության ավարտը ազդարարվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ․ Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր՝ մայիսի 16-ին, Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում իր ելույթի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոյանը անդրադարձավ այն հարցին, թե որն է Արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտության պատճառը։

«Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին։ Վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։ Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին։ Այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտը ազդարարվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ, ինչը եղավ Հայաստանի վերջը, Ղարաբաղի վերջը։

23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները, որոնք են ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը և երրորդ ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը։

Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը։ Շատ պարզ բաներ են, որ մեր իշխանությունները չեն հասկացել։ Սա քաղաքականության այբուբենն է։

Պատկերավոր ասած՝ այդ իշխանություններն արդեն 23 տարի շարունակ դրսևորել են խաղամոլի վարքագիծ։ Այսինքն՝ ավելին շահելու ձգտումով և ցնորքներով նոր խաղադրույքներ են կատարել, այդ պատճառով կորցնելով նաև իրենց շահածը։ Չեմ ցանկանում շատ մանրամասնել, որովհետև մտադիր եմ օրերս հանդես գալ կոնկրետ այս հարցին նվիրված ծավալուն հոդվածով։ Մի քանի օրից կտեսնեք այդ հոդվածը»,- ասաց նա։