Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շրջափակման մեջ հայտնվելով օգնություն են խնդրել, որն այդպես էլ տեղ չի հասել. երկար ժամանակ ծնողները Սամվելին ողջերի մեջ էին փնտրում

Սամվել Սեյրանի Խաչատրյանը ծնվել է 2002 թվականի հունիսի 10-ին, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո Սամվելը մինչև բանակ զորակոչվելը աշխատել է, իսկ 2020 թվականի հուլիսին զորակոչվել հայկական բանակ:

Երբ պատերազմը սկսվեց Սամվելը Մարտունի 3-ում էր՝ մի քանի ամսվա ծառայող,  պատերազմի օրերին Մարտունիից տեղափոխում են Հադրութ,  Սամվելը՝  72 զինվորի հետ հայտնվում է շրջափակման մեջ:

ArmLife.am-ի հետ զրույցում զինվորի հայրը նշեց. «Հոկտեմբերի 11-ին Մարտունի 3-ից  գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը հրաման է տվել ամբողջ վաշտը տեղափոխել Հադրութ, որտեղ իրենց կդիմավորի Կարեն Առուստամյանը: Ցավոք, նա այդպես էլ չհասավ զորքին, իսկ զորքը  շրջափակման մեջ ընկնելուց հետո օգնություն էր խնդրել՝ ասելով, որ զենք, զինամթերք չունեն այլևս կռվելու: Ու իրենց մեղքը չեն ընդունում, որ զորքն անմեղ կյանքեր տվեց՝ հրամանատար կոչվածի մեղքով»:

Սամվելի հորաքրոջ դուստրն էլ պատմեց, որ իրենց զինվորից տեղեկություն չեն ունեցել հոկտեմբերի 10-ից, փնտրել են ամենուր, ԴՆԹ անալիզ են հանձնել, իսկ որոնողական աշխատանքների արդյունքում նրա մարմինը հայտնաբերել են ավելի քան 4 ամիս հետո՝ փետրվարի 18-ին: Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է՝ մահը վրա է հասել ոչ ԱԹՍ-ի հարվածից, այլ հրազենային վիրավորումից:

Սամվելը վերջին անգամ զրուցելով ծնողների հետ նշել է, որ իր համար չանհանգստանան. «Ամեն անգամ չէր ստացվում իր հետ կապ հաստատել, անհասանելի էր: Վերջին անգամ երբ զանգել է ոչ մի դժգոհություն չի հայտնել: Մենք լավ ենք, մենք առաջնագծում չենք, մենք հանգիստ ենք, մեր մոտ ամեն ինչ նորմալ ա»,- Սամվելի խոսքերը մեջբերելով նշում է նրա հորաքրոջ դուստրը՝ ընդգծելով, որ զինվորի հետ կապը կորցնելուց հետո անընդհատ փնտրել են, անգամ չբացառելով, որ կարող է հակառակորդի ձեռքում գերի լինի:

«Երկու Ուրալ վառված ա եղել, մեկն էլ հատնվել էր ադրբեջանցիների ձեռքում, մենք մինչև վերջին պահը մտածել ենք, որ կարող ա իրենց վաշտից գերիներ ուենանք, հիմա էլ չգիտենք՝ կան, չկան: Միշտ մտածել ենք, որ կգա մի օր՝ ինքը գտնվելու է, անպայման: Բայց կյանքը ուրիշ բան ցույց տվեց: Ինքը մեր համար միշտ լինելու է՝ մեր անմահ հերոս Սամ»:

Սամվելը հոմուրով երիտասարդ էր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Գյուղում բոլորն էին հարգում Սամվելին և հակառակը: Սամվելը զոհվեց  հոկտեմբերի 11-ին, իսկ մարմինը հայտնաբերվելուց հետո  հուղարկավորվեց հայրենի գյուղում՝ փետրվարի 21-ին:

ՀԳ. Տեսանյութում Սամվելն է, նրան հարազատները, ընկերները ճանապարհում են հայոց բանակ:

ArmLife.am