Search
Close this search box.

Կարոտ եմ շնչում՝ դառը մի կարոտ… Ազիզս, խեղդվում եմ դառնության, ցավի ու կսկիծի մեջ, քո բացը չի լրանում

Ազիզ Սամվելի Աղաջանյանը ծնվել է 2001թ մայիսի 20-ին։ 2019թ. ընդունվել է Ամերիկյան համալսարան: Ծառայության է մեկնել 2019թ-ին, այնուհետև որպես կրտսեր սերժանտ ծառայությունը շարունակել է Մեղրիում՝ Դ-1 ի հաշվարկի հրամանատար:
Հոկտեմբերի 3-ից մեկնել է Ջաբրայիլ, հայրենիքի պաշտպանության համար մղվող ռազմական գործողություններին ամենաթեժ կետերում (Ջաբրայիլ) ոչնչացրել թշնամու հայրուրավոր կենդանի ուժ, իր կյանքը վտանգի տակ դնելով հերոսաբար փրկել է տասնյակ կյանքեր: Վերջին անգամ ծնողների հետ խոսել է 2020թ-ի հոտկեմբերի 18-ին, զոհվել՝ հոկտեմբերի 19-ի գիշերը՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Ինչքան ձերն եմ, այնքան էլ հայրենիքինս», ասում էր Ազիզը և շարունակում.
-Այս բարգավաճող սերունդի համար´ ես պարտաստ եմ կյանքս տալ:
Խոսքեր, որ դաջվել են սրտիս մեջ: Ինչի՞ համար տղես…
-Բալես խնդրում եմ զգույշ եղիր…
-Մամ ջան, ամեն ինչ շատ լավա, մի մտածի, քիչ մնաց` հաղթելու ենք: Գալու եմ տունդ լցնեմ:
Տունս դատարկ մնաց, Ազիզս:

Հայրիկին էլ ասում էր.
-Հե՜րս, խոստացի որ չես գալու, տանը պիտի մի տղամարդ մնա, իսկ եթե ինչ որ բան լինի, չնեղվես, էտ իմ ճակատագիրն է: Հենց մտածես իմ մասին միշտ թիկունքիդ կանգնած եմ: Ինձ հիշելիս միշտ ժպիտով կհիշես ու թշերիս փոսիկներով:

Ա՜խ Ազիզս, դու շատ ուրիշ էիր ախր, աստվածային ո՞նց անեմ առանց քեզ, տղես, անտանելի է:
-Մեռնեմ աստծուդ, բալես
-Մամ, քեզ ինչքան շատ ես սիրում
-Խի՞ բալես
-Իմ աստվածը դու էս:
-Մամ, ես գիտեմ, որ դուք ինձ շատ էք սիրում, բայց ես ձեզ պաշտում եմ:
-Դե արի ու դիմացի.

Մնացինք կարոտով տղես, Ազիզս խեղդվում եմ դառնության, ցավի ու կսկիծի մեջ, քո բացը չի լրանում, տղես, քույրերդ կիսատ են մնացել:Դու էիր իրենց ամբողջը: Շատ դժվար է առանց քո ժպիտի, ձայնի, ջերմության ու խորհուրդի ապրել:
Ապրե՞լ, ի՞նչ ապրել, մեր կյանքը կանգ առավ 19.10.2020 թ. հիմա գոյատևում ենք, քո ներկայությունը զգալով, ամեն բան քո հետ կապելով, թոռնիկների ամեն մի արարքը քեզ նմանացնելով: Իմ անպարտ հերոս, դու հաղթել ես: Իսկ մենք, ի՞նչ մենք, մենք պիտի համակերպվենք, որովհետև ուրիշ ճար չունենք: Պիտի փորձենք քեզ արժանի ապրենք, ու երազենք քո հետ հանդիպմանը:

Բալես, կյանքս, սիրտս, պարծանքս, հոգիս, ուժս… իմ անվերջություն, իմ Ազիզ: Մնում էր ընդհամենը 95 օր և ընդմիշտ միասին պիտի լինեինք: Քո ձեռքով մենք պիտի գերեզման մտնեինք, իսկ հիմա ի՞նչ , հիմա որբացանք, իմ տղա, իմ լուսավոր աստղ: Ազիզս, կներս ինձ, մեռնեմ ժպիտիդ, իմ տիեզերք:

Կարոտ եմ շնչում՝ դառը մի կարոտ,
Որն արյանս հետ դեպ սիրտս է հոսում
Ու դրանից էլ սիրտս է դառնանում,
Եվ իր հերթին էլ հոգուս վարակում:

Արտաշնչում եմ դառնացած կարոտ,
Լյարդացած կարոտ՝ քայքայող հոգիս:
Ու կյանքս դարձել է մի ամբողջ կարոտ՝
Կարոտներ այրող արյունվող սրտիս…
Ազիզս, իմ կարոտ…