Search
Close this search box.

Անակնկալ հիշեցում ՌԴ դեսպանին. Ինչ որ բա՞ն է փոխվել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը, բացի ՌԴ ղեկավարությանը շնորհակալություն հայտնելուց, «առանձնահատուկ շեշտել է Ռուսաստանի Դաշնության` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի` Հիմնարար սկզբունքների, այդ թվում` ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով», ինչպես նշված է ՀՀԿ հաղորդագրության մեջ։

17-ի կամ Հայրենիքի փրկության շարժման ճամբարից կարծես թե առաջին անգամն է, որ ՌԴ-ին շնորհակալություն հայտնելուց բացի հիշեցնում են նաեւ նրա Մինսկի խմբի համանախագահ լինելը: Սա արդեն իսկ առաջընթաց կարելի է համարել, նկատի առնելով, որ 17-ի ձեւաչափն ըստ էության այս ամիսներին լուծում էր եռակողմ հակահայ հայտարարությունը «լեգիտիմացնելու», Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու, հանրության շրջանում հուսալքություն տարածելու եւ ռուսական ծիրի մեջ մտնող այլ խնդիրներ: Այս շարքում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում Ռուսաստանի փրկչական կերպարը պահելը:

Հայրենիքի փրկիչները, ըստ մամուլի հաղորդագրությունների, պարբերաբար այցելում էին նաեւ Մոսկվա ու Երեւանում ՌԴ դեսպանատուն, եւ ի վերջո դժգոհություն էին հայտնել, թե ինչու Մոսկվան չի աջակցում իշխանափոխության հարցում: Դժվար է ասել՝ արդյոք այս ուժերն իսկապես հավատացած էին, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ, եւ այն ամենը, ինչ կատարվել է սեպտեմբերի 27-ից սկսած, ձեռնտու չէր Մոսկվային:

Ի դեպ, քանի դեռ օրենքով չի արգելվել անանուն աղբյուրներին հղումներ անելը, նշենք, որ 17-ի ներկայացուցիչների մոսկովյան հանդիպումներից հետո Կրեմլին զեկուցագրեր էին ուղարկվում, որ Հայաստանի հանդեպ ծրագրերը կարելի է հանգիստ շարունակել՝ դիմադրություն չի սպասվում:

Միեւնույն ժամանակ, իրավիճակը փոխվում է, այդ թվում Հայաստանի հանրային ընկալումներում, եւ հնարավոր չէ քարոզչական ժամկետանց հնարքներով քողարկել Հայաստանի դեմ քաղաքականության բազմաթիվ հանգամանքներ, իսկ ժամանակի ընթացքում, Ռուսաստանի ներքին ու արտաքին անորոշությունների պայմաններում այդ հանգամանքներն ավելի ակնհայտ են դառնում:

Այս ֆոնին, Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ դեսպանին հիշեցում ու ակնարկ է, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, սակայն խախտել է միջազգային մանդատը եւ սեպարատ գործողությունների գնացել թուրքերի հետ: Ով ով, բայց Սերժ Սարգսյանն իր մաշկի վրա է զգացել Ռուսաստանի «նոր քաղաքականությունը» Թուրքիայի հետ համագործակցությամբ, որը մեկնարկել է 2015-ից, «փորձարկվել» 2016-ի ապրիլին եւ ամրապնդվել Հայաստանի ինքնիշխան կարողությունները սահմանափակող հայ-ռուսական անվտանգային պայմանագրերով: Բացի այդ, հենց այդ ժամանակ սկսեց Սերժ Սարգսյանի, եւ ընդհանրապես Հայաստանի դեմ նողկալի քարոզչությունը, որը չի դադարում մինչ այժմ: Ընդ որում, թեման, բովանդակությունը եւ ուղղվածությունը նույնն են, փոխվել է միայն անունը՝ Սերժ Սարգսյանի փոխարեն Նիկոլ Փաշինյան:

SKIPSTOPPED
Սերժ Սարգսյանի խոսքը նախադեպ կդառնա՞ մյուսների համար, ավելի համարձակ ու պահանջատեր դիրքերից խոսելու համար: Այդպես ավելի լավ կլինի թե Հայաստանի, թե հենց այդ ուժերի համար: Ընդդիմադիր պայքարն իմաստավորված է հայկական շահի եւ իրավունքների պահանջատիրության ու արժանապատիվ դիրքերից հանդես գալու պարագայում, ձեւավորելով ազգային-պետական լայն օրակարգ: Ի վիճակի՞ է դրան հայկական քաղաքական դասը:
lragir.am