Search
Close this search box.

Գնահատականներ կդրվեն միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից.Հանրակրթության պետական նոր չափորոշիչ սահմանվեց

Կառավարության նիստում ընդունվեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման կարգը, որով սահմանվում է դպրոցից և 12-ամյա կրթության ավարտից հետո շրջանավարտներից պետության ակնկալիքը:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչով հավասարապես շեշտադրվում են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները և արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակրթության հիմնական անելիք:

«Կրթական երեք աստիճանների համար՝ տարրական, հիմնական և ավագ, սահմանել ենք սկզբունքորեն իրագործել նոր մոտեցում և, խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից, փորձելու ենք անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել տարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները և ամեն առանձին առարկայի միջոցով հասկանալ, թե ինչպես ենք նպաստում այդ ընդհանուր վերջնարդյունքներին հասնելուն»,- ասաց Անդրեասյանը:

Ըստ նրա՝ սրանով նվազեցնում են դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը: Փոխնախարարը վստահեցնում է , որ սա հնարավորություն է տալիս դպրոցներին դրսեւորել ստեղծարար, ճկուն քաղաքականություն, որովհետեւ դպրոցները հնարավորություն են ունենալու օրինական պլանի հիման վրա ձեւավորելու իրենց սեփական մոտեցումները: Դպրոցները ընտրության հնարավորություն են ունենալու ՝օրինակելի պլանի հիման վրա ձևավորել իրենց սեփական մոտեցումները:

«Շատ կարեւոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողի ստեղծագործական, ինքնուրույն կարողությունները: Այս ամենը ունենում է նաեւ գնահատման կարգի փոփոխություն: Նախատեսվում է բազմազանեցնել գնահատման կարգը: Միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, ինչը նշանակում է, որ տարրական դպրոցում առաջարկվում է հրաժարվել միավորային գնահատման գործող ձևից և կիրառել ավելի խրախուսող գնահատման ձևեր: Առաջարկվել է հրաժարվել անբավարար գնահատականային շեմից և 10 միավորանոց սանդղակում յուրաքանչյուր միավոր դիտարկել իբրև առաջընթաց»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

«Մենք կարողանալու ենք հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսումից և անցնել անհատականացված դասացուցակի՝ ըստ առանձին աշակերտի նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման: Սա նաև թույլ կտա վերացնել անհավասարությունը , որ ունենք քաղաքներում առանձին ավագ դպրոցների և հիմնականում գյուղական համայնքներում տեղակայված միջնակարգ դպրոցների ավագ դասարանների պարագայում»։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ սեպտեմբերից փորձարկելու են չափորոշիչները, իսկ այն վերջնական դպրոցներում կներդրվի 2023 թվականից: