Search
Close this search box.

«Մա՛մ, չնեղանաս, որ ինձ բերեցին, քեզ երդվել էի, որ ոտքով կգամ». այս տողերը քույրը գտել է հերոսաբար զոհված եղբոր հեռախոսից

Հերոսաբար զոհված 19-ամյա Յուրա Հարությունյանի քույրը՝ Նինա Հարությունյանը ArmLife.am-ի հետ զրույցում նշեց, որ իր եղբոր մահից հետո նրա հեռախոսում է հայտնաբերել հետևյալ տողերը․

«Մա՛մ, չնեղանաս, որ ինձ բերեցին, երդվել էի քեզ, որ ոտքով կգամ…
Մա՛մ, չնեղանաս, դե չհասցրեցի հրաժեշտի վերջին համբույրը քեզ տամ…
Մա՛մ, չնեղանաս այն կոպիտ խոսքի, առածդ բաճկոնը չհագնելու համար…
Մա՛մ, չնեղանաս՝ դատարկ սենյակի, պատից կախված նկարիս համար…
Մա՜մ, չնեղանաս, օջախս մարեցի, սև գլխաշոր նվիրելու համար…»:

Նինա Հարությունյանը տեղեկացրեց, որ եղբայրը վերջին անգամ խոսել է մայրիկի հետ. «Շատ ուրախ էր, բարձր տրամադրություն ուներ», ասում էր՝ իմ մասին շատ եք լսելու: Մահվան առաջին օրը լողացել էր, տաք ճաշ կերել: Անչափ հոգատար, անկեղծ ու բարի էր, մարդկանց միայն ժպիտ պարգևում, կենսախինդ ու շատ ակտիվ, շատ էր սիրում կյանքը: Քույրը նշում է, որ եղբայրը դպրոցում լավ էր սովորում: Դպրոցն ավարտելուց հետո Յուրան ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղ՝ Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, այնուհետև մեկնում ծառայության:

Պատերազմի օրերին շատ ոգևորված էր։ Հասցրել էր 5 տանկ ոչնչացնել,1 տրակտոր և 1 ուրալ,որի մեջ 30 թշնամու զինվոր է եղել։
33 օր պատերազմեց Յուրան ու այնպիսի պատմություն կերտեց, որ ընտանիքին Արցախից զանգեր են գալիս ու պատմում իր հերոսությունների մասին։ Իսկ դասակի հրամանատարը իր անունը ներկայացրել է, որպես մեդալակիր։

Յուրան իր ընկերոջ կյանքն էր փրկել ու այդ տղան հենց բացել էր աչքերը առաջինը դա էր պատմել ու ասել, որ նա չէր թողնում նորակոչիկներին առաջ գնալ։
Հաջորդ օրը մեքենային էր խոցել անօդաչու թռչող սարքն ու իրեն տարել հավերժություն։
Հիմա Յուրայի տանը նա ներկա է և սեղան գցելիս Յուրայի հաշիվը չեն մոռանալու՝ ափսեները շարելիս։

«Արդեն մեկ ամիս է, ինչ կյանքը կանգ է առել առանց քեզ…
Շուրջս էլ չեմ զգում այն մեծ բարությունն ու հոգատարությունը, որով շրջապատել էիր բոլորիս…
Աշխարհից այնքա՜ն սեր է պակասել, այնքա՜ն մաքրություն…
Երբևէ չեմ մտածել, որ կգա մի օր, որ քո մասին գրելով մի փոքր կհանգստանա հոգիս…
Իմ կորցրած մանկություն, իմ մաքրամաքուր…
Անցար երազի նման…
Սիրում ու կարոտում եմ
Իմ հավերժ կարոտ…»,-հնչում են Յուրա Հարությունյանի քրոջ՝ Նինա Հարությունյանի շուրթերից: