Search
Close this search box.

Ղարաբաղյան պատերազմի ալիքները կհասնեն բոլոր մայրաքաղաքներին

Ղարաբաղում թեժ մարտական գործողություններին զուգահեռ Երևանն ու Ստեփանակերտը ինտենսիվ դիվանագիտական աշխատանք են տանում՝ բոլոր երկրներին պատասխանատվության մասին պարզ հարցեր տալով։ Դժվար թե որեւէ մեկը կարողանա շրջանցել այդ հարցերը, եւ յուրաքանչյուրը ստիպված է լինելու ընդունել պատասխանատվություն։

Երեւանը հետ է կանչել Իսրայելում Հայաստանի դեսպանին խորհրդակցության համար եւ դնում է Ադրբեջանին Իսրայելի կողմից սպառազինության մատակարարման հարցը։ Հոլոքոսթը վերապրած ժողովրդի կառավարությունն աջակցում է Ադրբեջանին ու Թուրքիային, որոնք մտադրվել են ավարտին հասցնել հայ ժողովրդի ցեղասպանությունը։

ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները կրակում Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա՝ սպանելով խաղաղ բնակիչների։ Այս մասին Կանադային դիմելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանադական The Globe and Mail-ին տված հարցազրույցում։

Բարդ հարցերի պետք է պատասխանեն նաև Վրաստանն ու Ուկրաինան, և այս իրավիճակում չեզոքությունը չի աշխատում։ Թբիլիսին և Կիևն ասում են, որ չեն աջակցելու ղարաբաղյան կոնֆլիկտի այս կամ այն կողմին։ Սակայն սա նշանակում է, որ նրանք հավասարության նշան են դնում հայերի ինքնիշխանության պաշտպանության և Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական հարձակման միջև։ «Հավասարությունը» արդեն արտացոլվում է Վրաստանի ներքին իրավիճակի վրա, որտեղ խոշոր հայ և թուրք համայնքներ կան։

Ամերիկյան և եվրոպական խորհրդարանականները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, բայց ԱՄՆ պետքարտուղարը դեռևս «հույս ունի», որ Թուրքիայի կողմից Ադրբեջան սիրիացի վարձկանների տեղափոխումը չի համապատասխանում իրականությանը։ Իսկապես ջայլամի կեցվածք՝ Էրդողանին «չվիրավորելու» համար։

Թուրքիայի միջամտությունը արցախյան հակամարտությունը բարձրացրել է քաղաքակրթական ընտրության մակարդակի, որտեղ յուրաքանչյուր կողմ, յուրաքանչյուր ազգ և յուրաքանչյուր մարդ իր համար ընտրություն է կատարում, թե որ կողմում է։ Բոլորը հասկանում են, որ յուրաքանչյուրը պետք է բախվի դրան, և ղարաբաղյան պատերազմի ալիքները կհասնեն բոլոր մայրաքաղաքներին։

Տավուշում հուլիսյան իրադարձություններից հետո Ռուսաստանում սկսվեց «ծիրանային պատերազմ», և այդ երկրում ազգամիջյան բախումները հնարավոր եղավ կանգնեցնել միայն մեծ ջանքերի շնորհիվ։

Կեղծ հավասար հեռավորություն պահելու ժամանակն ավարտվել է․ Հայաստանը ուղիղ դնում է հարցը՝ ահաբեկչության այս և այն կողմում։ Այսուհետ, դա բարոյական հարց չէ, այլ բոլոր երկրների անվտանգության հարցն է։
Lragir.am