Search
Close this search box.

Վաղաժամկետ ազատ արձակվեց լրագրող Արմենակ Դավթյանը

Քիչ առաջ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի որոշմամբ` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց լրագրող Արմենակ (Արմեն) Դավթյանը: Վերջինիս արդարադատության նախարարության քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունները տվել էին դրական զեկույցներ, որոնց հիման վրա էլ դատարանը որոշում կայացրեց: Արմենը շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք այս 5 տարի 3 ամսում ինչով կարողացան` նրա կողքին էին:

«Շնորհակալ եմ հատկապես Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին` դատարան երաշխավորական նամակներ ուղարկելու համար։ Անկեղծ երախտապարտ եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թեւոսյանին, Գայանե Աբրահամյանին, Տիգրան Կարապետյանին, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որոնք միշտ պատրաստակամ էին աջակցել ինձ»,- «Արմավիր» ՔԿՀ-ից հեռախոսազանգով ասաց ազատության մեջ հայտնված լրագրողը:

Վերջինս շնորհակալ է նաեւ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին եւ « Նոյյան Տապան» լրատվական միավորման տնօրեն Տիգրան Հարությունյանին`նրանց գլխավորած լրատվամիջոցներում աշխատանքի առաջարկի համար: Արմեն Դավթյանը զարմացած էր եւ ուրախ միաժամանակ, որ դատական համակարգը բարեփոխվում է: «Զգացի, որ դատարանները անկախ են դատախազներից. նշեմ՝ չնայած որ դատախազ Իսահախանյանը չառարկեց եւ միջնորդեց բավարարել։ Հարցս քննող դատավոր Վահե Ջիվանյանը բոլորովին վերջերս հունիսի 20-ին է նշանակվել դատավոր: Անկեղծ լինեմ՝ հույս չունեի, որ ազատման որոշում կկայացնի, քանի որ մտածում էի` փորձառու չէ: Բայց պարզվեց՝ սկզբունքային ու անկողմնակալ, պրոֆեսիոնալ երիտասարդ դատավոր է:

Ցավոք, նույնը չեմ կարող ասել ինձ ազատազրկման դատապարտած Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Նապոլեոն Օհանյանի մասին, որը կատարեց դատախազության կամքը»,-ասաց Արմեն Դավթյանը` նշելով, որ այսօր չի ցանկանում անդրադառնալ անցյալին: «Սա այլ խոսակցության թեմա է, որի մասին դեռ առիթներ կունենամ խոսելու»,-ասաց նա:

«Շատ շնորհակալ եմ իմ այն ընկերներին, որոնք անցած 5 տարում չմոռացան ինձ ու աջակցեցին ինչով կարողացան: Թերեւս այսքանը` այսօր: Մնում է կարողանամ վերաինտեգրվել հասարակությանը, ինչի համար ակնկալում եմ ընկերներիս աջակցությունը» ,- եզրափակեց արդեն նախկին դատապարտյալը։ Ի դեպ նրան դատարան չէին տարել ու Արմենակ Դավթյանի շահերը դատարանում պաշտպանեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Իրինա Մանուկյանը։

Aravot.am