Search
Close this search box.

Ճամպրուկային տրամադրություններ՝ ոստիկանությունում. Արման Սարգսյանի կադրերը հեռանում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ինչպես հայտնի է, Մհրյանը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի մանկության ընկերն էր, և հենց վերջինս էր նրան համակարգ վերադարձրել: Մինչ այդ Մհրյանը զբաղեցնում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Եվ, ահա, Արման Սարգսյանի գնալուց հետո հեռանում է նաև նա: Մենք տեղեկացանք, որ նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել հունիսի 10-ի երեկոյան և սպասում էր մակագրման: Ընդ որում, բազմիցս էր գրվել այն մասին, որ նա համակարգ բերեց ոստիկանությունից ազատված և «ՀՀ ոստիկանության մասին» օրենքով այլևս ոստիկանության համակարգում աշխատելու իրավունք չունեցող Մհրյանին:

Եվ ավելին, արտակարգ դրության ընթացքում հենց նա էր ոստիկանությունից հանդիսանում իրավիճակի պատասխանատուն և ընդգրկված էր պարետատան կազմում: «Ժողովուրդ» օրաթերթը նաև գրել էր, որ Արման Սարգսյանի՝ ոստիկանապետ դառնալուց հետո տարբեր համակարգերում աշխատանքի անցան նախկին ոստիկաններ. նրանց թիվը հատկապես մեծ էր քաղաքապետարանում, քանի որ Արման Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընկերներ են: Եվ, ահա, Արման Սարգսյանի հեռանալուց հետո ոստիկանապետ նշանակվեց նրա տեղակալը՝ Վահե Ղազարյանը, որը, մեր տեղեկություններով, առաջիկայում կադրային փոփոխություններ է անելու ոստիկանության համակարգում: Եվ Մհրյանը բնավ էլ առաջին մարդը չէ, որը հրաժեշտ տվեց իր պաշտոնին ոստիկանապետի նշանակվելուց հետո: Ամեն դեպքում, նկատենք, որ նա անձամբ է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել ընկերոջ հեռանալուց հետո»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: