Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի մասին

Այսօր՝ հունիսի 8-ին, ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով համապատասխան հարցին, խոսեց նաև Արտակ Դավթյանի որդու հարսանիքի ու դրա հետ Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության հնարավոր կապի մասին:

Փաշինյանը նշեց, որ ճգնաժամը նրանով է ճգնաժամ, որ շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերությունները. «Ես նախ ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին, նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն ու հարսին, հույս ունեմ, որ նրանք երջանիկ ընտանիք կձևավորեն:

Էլի ուզում եմ ասել, որ որոշումները շատ հաճախ ճգնաժամային իրավիճակներում միանշանակ չեն լինում, սակայն գալիս ու հասնում է մի գիծ, երբ կարգապահությունն ու կարգուկանոնը, արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող ճշգրիտ ու անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն:

Ես իհարկե ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ, որ այս իրավիճակում մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի և կարգապահության շահը պահանջում է կայացնել այսպիսի որոշումներ»:

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ առավել ևս պետական կառավարման մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան ու անվերապահ կարգապահություն, որպեսզի մենք կարողանանք սեփական օրինակով քաջալերել մեր հայրենակիցներին և օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը»,-ասաց նա:

«Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, ապա չեմ կարծում, որ ՀՀ-ին ու հայ ժողովրդին ծառայությոններ մատուցելու նրանց պոտենցիալը սպառված է: Ըստ իրավիճակի հնարավոր եմ համարում նրանց հետագա ծառայությունների հարցի քննարկումը»,-հավելեց նա: