Հայաստանի այսօրվա ապիկար իշխանության ներկայացուցիչների անպատասխանատու, չգիտակցված գործողությունների պատճառով՝ Հայաստանի բնակիչներն ընկել են ինչպես Կորոնավիրուսի մահաբեր ճահճի, այնպես էլ սոցիալապես մահացու վիճակի մեջ, այսինքն, Հայաստանի բնակչությունն այսօր մահանում է Կորոնավիրուսից, վաղը կմահանա սովից ու աղքատությունից, իսկ Հայ Ժողովրդի համար ստեղծված այս մահացու ճգնաժամի գլխավոր պատասխանատուն պոպուլիստ և խաբեբա վարչապետ Փաշինյան Նիկոլն է:
Հայ Ժողովուրդը մատնված է սովի և գտնվում է սոցիալական աննախադեպ ճգնաժամի մեջ, մինչդեռ քաղաքացիներին ծաղրող ու սպառնացող Փաշինյան Նիկոլն ու նրա լակոտակրատիան շարունակում են հարստանալ ու մսխել Հայաստանի ֆինանսական ու նյութական բարիքները:
Ի սկզբանե ի վիճակի չլինելով կառավարել Հայաստանն ու առաջնորդել Հայ Ժողովրդին Կորոնավիրուսի պայմաններում՝ Փաշինյան Նիկոլը, Հայ Ազգի ներուժը համախմբելու փոխարեն, փոշիացրել և ոչնչացրել է Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական, ֆինանսական, գույքային բոլոր միջոցները, իսկ ներկայումս իր՝ կլոունադայի ժանրի լայվերով Հայաստանի քաղաքացիներին սպառնում՝ նրանց որակավորելով և հռչակելով մեղավորներ:
Ավելին, որպեսզի Հայաստանում Կորոնավիրուսային այս ժամանակահատվածում Ժողովրդի մեջ ստեղծվի վախի ու հոգեբանական ճնշման նոր մթնոլորտ, Փաշինյան Նիկոլը, մոլագար անպատասխանատվությամբ, հայտարարում է բժշկությանն անհայտ նոր Կորոնավիրուսի մասին, ինչի համար էլ արժանանում է համաշխարհային ծաղրանքի:
Փաշինյան Նիկո՛լ, Հայաստանում Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներն ամեն օր տարատեսակ դեղեր պետք է օգտագործեն, բայց չեն կարողանում ձեռք բերել այդ դեղերը, քանզի Հայաստանում, քո ապիկար կառավարման արդյունքում, սոցիալական աղքատացումը հատել է սպառնալի աստիճանն, իսկ դեղորայքի գները, քո թողտվության արդյունքում, սահմանված են վայրի շուկայի օրենքներով:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Փաշինյան Նիկոլից և Հայաստանի Կառավարությունից պահանջո՛ւմ է. Հայաստանում Կորոնավիրուսով վարակվածների ժամանակին հայտնաբերում, թեստավորում և մեկուսացում, ինչպես նաև Կորոնավիրուսով բոլոր վարակվածների համար պետական անվճար բուժօգնության ամբողջական ապահովում:
Փաշինյան Նիկո՛լ, Հայաստանում Կորոնավիրուսի պատճառով բոլոր մահացածների հարազատների առաջ պատասխան ես տալու բացառապես դո՛ւ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան