Search
Close this search box.

Արցախը խստացում է մուտքի կանոնները. Այսուհետ մուտք գործելը թոյլատրվում է միայն թեստի բացասական պատասխանով

Այսօր ամեն գրեթե 500 մարդ է Հայաստանից ելումոտ անում Արցախ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. «Եթե Հայաստանի վիճակագրական թվերին նայենք ու հավանականությանը, կարող ենք ասել, որ ամեն օր թույլատրում ենք Արցախ մուտք գործել նաև այնպիսի քաղաքացիների, ովքեր վարակակիր են, հավանական տարածման աղբյուր կարող են հանդիսանալ:

Դա վերահսկելը շատ դժվար է: Դրա համար այսօր պարետատանը ծանր հանձնարարական է լինելու, ինչը պետք է կյանքի կոչել:

Սահմանն այսուհետ հատելու են միայն նրանք, ովքեր ձեռքներին կունենան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան: Բոլորը պետք է հետազոտվեն հետո սահմանն անցնեն, դա բոլորին է վերաբերում»:

Հարությունյանը հայտարարեց, որ ՊԲ-ն արդեն վաղուց օգտագործում է այդ պրակտիկան. «Մի քանի րոպե առաջ հանդիպման ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատարը հայտարարեց՝ եթե այսօր կարողացել են բանակը զերծ պահել վարակման դեպքերից, դա հաջողվել է հենց դրա արդյունքում»,-ասաց նա:

Նախագահը փոխանցեց, որ սահմանային անցակետերում կլինի արագ թեստավորման հնարավորություն, որպեսզի չհետազոտված քաղաքացիները կարողանան թեստավորվել հենց տեղում. «Դա կտևի 15-20 րոպե, թող սպասեն: Սա առաջին ամենախիստ կանոնն է լինելու, որը պետք է իրականացնենք»:

«Բացի դրանից, բոլոր մուտք գործող անձինք պետք է ծանոթանան պարետի կողմից սահմանված կանոններին և պահպանեն դրանք Արցախում գտնվելու ընթացքում: Դա վերաբերում է բոլորին:

Նրանք ստանալու են համապատասխան թերթիկներ, որտեղ գրված կլինեն պարետի ցուցումները: «Ղարաբաղ տելեկոմի» կապով ևս պարբերաբար տեղեկություններ կտարածվեն»,-ասաց նա:

Հարությունյանը նաև նշեց, որ Արցախ մուտքի ծավալները պետք է նվազեցվեն՝ անկախ թեստ անելու պահանջից. «Պետք է փորձել քչացնել, մինչ Հայստանում անկումը: Իհարկե բերքահավաքի ժամանակահատվածը շատ ծանր է լինելու, բայց պետք է հաշվի առնել, որ առողջապահական խնդիրները շատ կարևոր են»: