Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. ավտոլվացման կետի 23-ամյա աշխատակիցը դանակահարվել է

Ոստիկանության Էրեբունու և Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հունիսի 3-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքի մանրամասները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը Էրեբունու ոստիկանություն ահազանգ է ստացվել Էրեբունի բժշկական կենտրոնից, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սարգիս Մ-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով։ Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկների շնորհիվ հնարավոր եղավ փրկել վիրավորի կյանքը, Էրեբունու և Մասիսի ոստիկանները պարզել են, որ Սարգիս Մ-ն նշված վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող ավտովերանորոգման կետի մոտ, իսկ նրան դանակահարել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Վարդգես Թ-ն։ Էրեբունու և Մասիսի ոստիկանները հայտնաբերել են վերջինիս և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորն ու կասկածյալն աշխատում են տարբեր ավտոլվացման կետերում՝ որպես ավտոլվացողներ։