Search
Close this search box.

Վարչապետի մամուլի խոսնակի հրապարակած փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները ստուգվում են․ դատախազություն

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի երեկ հրապարակած փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները ստուգվում են։ Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Մենք հետաքրքրվել էինք, թե արդյոք դատախազությունը որեւէ իրավական գործընթաց սկսե՞լ է Գեւորգյանի հայտնած տեղեկությունների հետ կապված, որոնք վերաբերում են Միքայել Մինասյանին եւ այլ անձանց․

«Ներկայումս վարույթում գտնվող որոշ քրեական գործերով նման փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները քրեադատավարական ճանապարհով ստուգվում են: Մ. Մինասյանը մեկ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասվում է Աբրահամյանի պատասխանում։

Հիշեցնենք, որ երեկ «Մուլտի Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ ԱԱԾ տարածած հաղորդագրությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, թե իր նկատմամբ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղղակի եւ անուղղակի ճնշումներ են եղել՝ օտարելու Ucom ընկերությունը:

Ի պատասխան՝ հայտարարություն տարածեց վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ նշելով, որ Խաչատրյանները հայաստանյան մի շարք պաշտոնյաների մոտ ցանկություն են հայտնել պետությունից թալանած գումարները հետ տալ:

«ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը:… Նշեմ նաեւ, որ Կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է»,- նշել էր Գեւորգյանը:

Ավելի ուշ վարչապետի խոսնակը եւս մեկ հայտարարություն տարածեց, որում խոսվում էր նաեւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին:

«Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ. վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինը, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»,- գրում էր Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը մի քանի օր է՝ քննվում է: