Search
Close this search box.

8 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է.Արսեն Թորոսյան

Երեկ ամբողջ օրը ունեցել ենք կորոնավիրուսի հաստատված 11 նոր դեպք, ինչը ինքնին իհարկե դրական հանգամանք է, սակայն մեզ պետք է խորհելու տեղիք տա, որպեսզի մենք շարունակենք միջոցառումները՝ պահպանելու այդ թիվը, հասնելու ավելի ցածր ցուցանիշների և երբեք հակառակը չմտածենք, որ ամեն ինչ արդեն ետևում է և մենք կարող ենք չանհանգստանալ տարածման մասին:

Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե համեմատենք նախորդ օրերի թվերի հետ, մենք շաբաթ օրը ունեինք 52, ուրբաթ օրը` 34, 73, 92: Իհարկե այս թվերի մեծությունը նաև այլ հանգամանքով է պայմանավորված: Օրինակ 92 թիվը երբ մենք ունեցանք այդ թվի գոնե կեսից ավելին մեզ հայտնի մարդիկ էին՝ մի մասը նույնիսկ արդեն վաղուց մեկուսացված, հետևաբար նրանք վտանգ չէին ներկայացնում: Թիվը ինքնին կարևոր է, բայց կարևոր է նաև հանգամանքը»,- ասաց Թորոսյանը»:

Թորոսյանը նշեց, որ այս պահին ունեն մոտ 1400 մահճակալային ֆոնդ՝ առանձնացված միայն կորոնավիրուսային հիվանդության համար. «Այս պահին մահճակալներից զբաղված է մոտ կեսը, պացիենտների մի մասը, ովքեր գանգատներ չունեն հիվանդանոցներում չեն գտնվում, գտնվում են հյուրանոցներում՝ բժշկական հսկողնության տակ»:

Անդրադառնալով պացիենտների առողջական վիճակին՝ նախարարը նշեց, որ նրանց մեծ մասը ջերմություն չունեն. «Սակայն մենք ունենք թոքաբորբ ունեցող 146 հոգի՝ երեկ երեկոյի դրությամբ, մոտ 35 հոգի գտնվում են ծանր վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում ունենք 8 հոգի, ցավոք սրտի ունենք նաև մահ, չի հաջողվել փրկել մեր քաղաքացուն, ով ունեցել է ուղեկցող հիվանդություններ: Այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում մոտ 1500 քաղաքացի, հատուկ ցուցումով ինքնամեկուսացված է ավելի քան 5000 քաղաքացի»:

Արսեն Թորոսյանը հորդորեց դիմակ կրել, նրա խոսքով այս հիվանդությունը հիմնականում փոխանցվում է տարբեր մակերեսների հետ շփման միջոցով և դիմակները ոչ թե պաշտպանելու են օդակաթիլային եղանակով վարակվելուց, այլ թույլ չեն տալու որևէ մակերեսի հետ ձեռքերի շփումից հետո դեմքին, աչքերին հպվելու միջոցով վարակը փոխանցել: