Search
Close this search box.

Աղմկոտ մեղադրանք. սկսվեց հակակոռուպցիոն երկրո՞րդ ալիքը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել պետությանն առանձնապես խոշոր չափի՝ 3 միլիոն դոլարի վնաս տալու համար: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ չի ընդունում այդ մեղադրանքը: Պաշտպանության նախկին նախարարի հանդեպ նոր մեղադրանքը գործնականում առաջին, այսպես ասած, հնչեղ գործն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ անցնող շաբաթների տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որը վերաբերում էր հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությանը:

Միաժամանակ, դրանից առաջ էլ կառավարության նիստում Փաշինյանը բարձրաձայնել էր 1,5 միլիարդ դոլարի մասին, որն, ըստ դրա՝ այդ պայքարի արդյունքում պետք է ապահովվի բանակի սպառազինության արդիականացման համար, այն 2,5 միլիարդ դոլարի շրջանակում, որ հնգամյա կտրվածքով նախատեսում է բանակի վրա ծախսել կառավարությունը:

Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, որը, անշուշտ, դեռևս պետք է ապացուցվի, առաջինն է սահմանված 1,5 միլիարդ դոլարի շրջանակում և գործնականում հնարավոր է ասել, որ դրանով «մեկնարկում» է հակակոռուպցիոն պայքարի հետհեղափոխական երկրորդ ալիքը: Իհարկե, այդ բաժանումը կամ սահմանումը պայմանական է, այդուհանդերձ ակնհայտ է, որ կառավարությունում խորհրդակցությունից հետո կա առաջին հնչեղ մեղադրանքը:

Ի վերջո, այստեղ խնդիրը, անշուշտ, լոկ Սեյրան Օհանյանը չէ, որովհետև քրգործի արդյունքում կարող է պարզվել, որ պետությանը պատճառված վնասի համար պատասխան տվողը պետք է լինի այլ մարդ, ոչ թե Օհանյանը: Այստեղ, իհարկե, մանրամասների դիտարկումը այժմ ավելորդ է, ամեն ինչ ցույց կտա գործի ընթացքը: Իսկ ինչ ընթացք կունենա հակակոռուպցիոն պայքարի երկրորդ ալիքը, և ինչ հնչեղություն այն կունենա, որ նախկին պաշտոնյաները կարող են հայտնվել դրա թիրախում:

Եվ այստեղ, բնականաբար, առաջանում է մեկ այլ հարց, թե արդյոք առաջիկայում կլինե՞ն Հայաստանից հեռացողներ, որոնք կփորձեն իրավական հարցադրումներից և քննությունից պաշտպանվել արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում: Համենայնդեպս, հակակոռուպցիոն ալիքի առաջին «էմիգրանտները» մեկնում էին հենց այնտեղ:

Թեև, այդ ֆոնին պետք է նկատել նաև, որ նրանց փոխարեն Հայաստան էին գալիս Սու 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ և արդիական նոր սպառազինություն: Դա, իհարկե, «գույք պարտքի դիմաց» յուրօրինակ մի նոր հայ-ռուսական գործարք է, որն այս դեպքում իհարկե, թերևս, էապես համապատասխանում է Հայաստանի և Արցախի շահերին:
1in.am