Search
Close this search box.

Հայաստանը նոր բլոկ է ստեղծում. Թուրքիան կշրջափակվի՞

Հունաստանում փետրվարի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի պաշտպանության նախարարությունների՝ պաշտպանական քաղաքականության բաժնի ղեկավարների մակարդակի հանդիպում, որի ընթացքում ստորագրվել է 2020 թվականի եռակողմ ռազմական գործակցության պլանը: Այն ենթադրում է համատեղ ռազմական միջոցառումներ, ռազմա-քաղաքական խորհրդակցություններ:

Եռակողմ համաձայնության ստորագրումը էական իրադարձություն է թե ընդհանրապես եռակողմ ձեւաչափի շրջանակում, որ 2019 թվականի մարտին արտաքին գործերի նախարարների մակարդակով հաստատվեց Երեւանի նախաձեռնությամբ, թե այդ ձեւաչափի առաջին Վեհաժողովի նախապատրաստման աշխատանքի շրջանակում, որ սպասվում է Երեւանում:

Եռակողմ ձեւաչափի նոր՝ ռազմա-քաղաքական ուղղության ընդգծումը հատկանշական է միջազգային իրադրության, մասնավորապես շրջանում ռուս-թուրքական դիմակայության ֆոնին, որ ծավալվում է Իդլիբի շուրջ, բայց անշուշտ պարունակում է առավել լայն աշխարհքաղաքական նշանակություն:

Թուրքիան ու Ռուսաստանը, որ նախորդ տարիներին խոստովանում էին եղբայրությունը Պուտինի եւ Էրդողանի մակարդակով, ներկայում գրեթե նույն մակարդակով միմյանց ներկայացնում են պահանջներ, սպառնալիք, ռազմական գործողություններ իրականացնում Իդլիբում: Մոսկվան առայժմ կարծես թե բավական ամուր է կանգնած թուրքական շանտաժին դիմակայելու հարցում: Էրդողանն էլ սպառնում է 25 միլիոն մահմեդական բնակչությամբ Ռուսաստանը քանդել ներսից:

Անկասկած է, որ իրավիճակը մի կողմից միջազգային անվտանգային համակարգերի տրանսֆորմացիայի ազդեցությունն է, մյուս կողմից էական ազդեցություն է թողնելու միջազգային անվտանգության նոր ճարտարապետության վրա, այդ թվում թե կովկասյան ռեգիոնում, եւ թե ընդհանրապես Թուրքիայի շուրջ ուղեծրում, ինչը ենթադրում է թե մերձավորարեւելյան, թե եվրաատլանտյան արեալի ներառում:

Ահա այդ առումով, Հայաստանի նախաձեռնած եռակողմ ձեւաչափի նոր՝ ռազմական «հայտը» եւ դրա ռազմա-քաղաքականացումը ստանում է առանձնահատուկ նշանակություն եւ իմաստ, հաշվի առնելով, որ խոսքը երկրների մասին է, որոնց մի մասը՝ մեկը դե յուրե, մյուսը՝ դե ֆակտո ՆԱՏՕ անդամ են, մեկը՝ ՀԱՊԿ անդամ: Եռակողմ այս ձեւաչափը կարող է լինել ռազմա-քաղաքական միջազգային անվտանգային հետաքրքիր առաջարկ:

Հունաստանում եռակողմ համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Հայաստան Վրաստանի պաշտպանության նախարարի այցին զուգահեռ: Վրաստանը ռուս-թուրքական ռազմա-քաղաքական «արեալում» առանցքային սուբյեկտ է, երկու մայրաքաղաքներում՝ Անկարայում եւ Մոսկվայում «օբյեկտային» դիտարկումով: Վրաստանի համար ավելի ու ավելի արդիական է դառնալու «սուբյեկտային փնտրտուքը», եւ այդ իմաստով Թբիլիսին կարող է լինել Հայաստան, Կիպրոս, Հունաստան եռակողմ ձեւաչափի առաջին «սպառողը», ներգրավվածության հարցի լրջագույն դիտարկման տեսանկյունից:
lragir.am