Search
Close this search box.

ՔԻՊ. ԵՊՀ-ում սահմանափակվում է մամուլի տարածման ազատությունը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվում է գրաքննություն, սահմանափակվում են ուսանողների և աշխատակիցների՝ իրազեկված լինելու, բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքները, ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ սահմանափակվում է մամուլի տարածման ազատությունը։

Մասնավորապես՝ 2020 թվականից դադարեցվել է «Հրապարակ» օրաթերթի բաժանորդագրությունը և առաքումը ԵՊՀ։ Իրական պատճառն այն է, որ նշված օրաթերթում հրապարակվում են քննադատական հոդվածներ ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ Գևորգյան Գեղամի գործունեության, ԵՊՀ -ում տիրող իրավիճակի վերաբերյալ։

ՔԻՊ-ը «Հրապարակ» օրաթերթի բաժանորդագրության չեղարկման պատճառների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցմամբ դիմեց ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ Գևորգյան Գեղամին։ Հարցումը հիմնավորված էր «Տեղակատվության ազատության մասին» ՀՀ օրենքով։ Սահմանված ժամկետում չստանալով հարցման պատասխանը, ՔԻՊ-ը դիմեց ՀՀ վարչական դատարան, պահանջելով վարչական իրավախախտում արձանագրել ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի գործողություններում և վերջինիս տուգանել 50 հազար ՀՀ դրամ։ 34 օր անց, երբ գործն արդեն դատարանում էր, Գևորգյան Գեղամը արձագանքեց ՔԻՊ հարցմանը։ Պատասխանից պարզ դարձավ, որ հիմնավոր է ողջամիտ կասկածն առ այն, որ «Հրապարակ» օրաթերթի բաժանորդագրությունը չեղարկվել է ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ։

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին դատապարտել ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի հակաժողովրդավարական գործելակերպը, պաշտպանել ԵՊՀ-ի աշխատակիցների և ուսանողների իրազեկված լինելու, բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքները, մամուլի տարածման և խոսքի ազատությունը։

Միաժամանակ դիմում ենք ԵՊՀ-ի հետ համագործակցող արտերկրյա բուհերին՝ կոչ անելով վերանայել ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակները, քանզի վերջինս կանգնում է հակաժողովրդավարական գործելաոճի հարթության վրա։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան