Search
Close this search box.

Կորել է Լիսկան

2019-ի նոյեմբերի 20-ից Հատուկ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ։ Նրան կալանավորելու որոշում է կայացվել։ Մինչ օրս Խաչատրյանի գործով, սակայն, որևէ նոր առաջխաղացում չկա։ ՀՔԾ-ից մեզ ասացին, որ գործով նոր հանգամանք այս պահին չկա։ Ոստիկանությունից էլ փորձեցինք հետաքրքրվել հետախուզման արդյունքներից, որտեղից մեզ պատասխանեցին․

«Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձին հայտնաբերելու և նախաքննական մարմին ներկայացնելու ուղղությամբ»։ Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) հարուցված քրեական գործով։

Ըստ մեղադրանքի` նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության շահերին:

Factor.am-ը փորձեց կապ հաստատել նաև Սուրիկ Խաչատրյանի որդու հետ, սակայն չստացվեց։ Ավելի վաղ Խաչատրյանի որդին Factor.am-ին հայտնել էր, որ իրավապահները «լավ գիտեն, թե որտեղ է հայրը բուժվում»։ Ի դեպ, ՀՔԾ պետն էլ անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի՝ արտերկրում բուժում ստանալուն ասել էր․ «Սուրիկ Խաչատրյանի քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նրա պաշտպանի ներկայացրած բոլոր փաստաթղթերը ներկայացվել են փորձագետին։ Փորձագետը եկել է այն եզրակացության, որ Խաչատրյանին կարելի է տեղափոխել Հայաստան, որպեսզի բուժումն այստեղ շարունակի»։

© factor.am