Search
Close this search box.

Վարչապետը մեկնում է Արցա՞խ. ի՞նչ օրակարգ կա

Ստեփանակերտում պատրաստվում է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նոր նիստ, որը թավշյա հեղափոխությունից հետո կլինի երրորդը: Նոր նիստը տեղի է ունենում բավականին հատկանշական ժամանակաշրջանում, ներքին և արտաքին էական իրողությունների հանգույցում: Հայաստանում մեկնարկել է Սահմանադրական հանրաքվեի գործընթացը, որը, անշուշտ, քաղաքական լայնահուն գործընթաց է՝ բազմաթիվ ներքին շերտեր ներառող, և անկասկած նաև արտաքին իրողությունների միտված ազդակներ պարունակող: Իսկ արտաքին միջավայրում դրանց կարիքը, առիթն ու պատճառը բավականաչափ է, ինչը ներառում է նաև արցախյան հարցում տրանսֆորմացիոն բարդ գործընթացը:

Ռուսաստանն ու Թուրքիան գտնվում են գրեթե ռազմական բախման շեմին, ինչն անկասկած ստիպում է առնվազն մտածել երկու այդ ուժային կենտրոններից արցախյան ուղղությամբ էլ որոշակի հայացքի կամ քննարկումների հավանականության մասին, հետևաբար նաև այդ ամենում հնարավոր ռիսկերի չեզոքացման անհրաժեշտության:

Միաժամանակ, անվտանգության խորհրդի համատեղ նիստը տեղի կունենա մյունխենյան անվտանգության համաժողովից հետո, և դրա շրջանակում Փաշինյան-Ալիև զրույցից, իսկ դրանից հետո էլ բանավեճ-քննարկումից հետո: Եվ, ի վերջո, դրանից շաբաթներ առաջ էլ իր տևականությամբ մեծ ուշադրության արժանացած արտգործնախարարների հանդիպումը Ժնևում: Ու վերջապես, Մյունխենից հետո վարչապետ Փաշինյանի հրապարակումը «մյունխենյան սկզբունքների» մասին: Այդ ամենին զուգահեռ, Արցախում էլ գործնականում եզրափակիչ փուլ է մտել նախագահի և խորհրդարանի համապետական ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտի 31-ին, և այն, ըստ էության աննախադեպ մրցակցային է: Ինչպես օգոստոսի 5-ին հայտարարեց Փաշինյանը, Հայաստանը այդ ընտրության օրինականության ու ազատության, արցախցիների կամարտահայտման օրինականության երաշխավորն է: Այդ ֆոնին էլ բավականին տագնապալի մթնոլորտը, որ ձևավորվել է զինված ուժերի շուրջ Արցախի ՊԲ զորամասերում խաղաղ պայմաններում մահերի պատճառով, որոնք բավականին մտահոգիչ վիճակագրություն արձանագրեցին տարվա առաջին երկու ամիսներին՝ հասնելով մոտ մեկուկես տասնյակի:

Այլ կերպ ասած՝ ակնառու է, թե ինչպիսի հագեցած օրակարգ կարող է ունենալ անվտանգության խորհրդի համատեղ նիստը: Միևնույն ժամանակ, դա գործնականում պատասխանատու և պարտադրող օրակարգ է՝ նիստի նշանակալիության առումով: Բանն այն է, որ Հայաստան-Արցախ անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը չպետք է վերածվեն հերթական արարողակարգի, դրանցից յուրաքանչյուրը պետք է պարունակի շատ հստակ քաղաքական ազդակներ ու շարժառիթներ, այլ կերպ ասած՝ լինի նպատակային: Եթե, իհարկե, անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը ինքնին գործնականում Հայաստան-Արցախ ռազմա-քաղաքական ինտեգրացիայի գործընթացի առարկայական մեկնարկ չեն, ինչն ունի արդեն նշանակալիության իր առանցքային ասպեկտը:
1in.am