Search
Close this search box.

Ընկերները տեսել են, թե ինչպես են զինծառայողներն ընկել ձնահյուսի տակ. Մանրամասներ՝ Սյունիքում 3 զինծառայողի մահվան դեպքից

ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում ձնահյուսի տակ է մնացել չորս պայմանագրային զինծառայող: Զինծառայողներից 3-ը մահացել են, իսկ 4-րդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Analitik.am-ին ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել հերթափոխից իջնելու ժամանակ:

«Մեծ խմբով իջել են, ընկերները տեսել են, թե ինչպես են զինծառայողներն ընկել ձնահոսքի տակ: Առաջինը հենց նրանք են օգնության շտապել»,- ասաց նա՝ հավելելով, որ մեկ-երկու ժամվա ընթացքում կարողացել են զինծառայողներին հանել ձյան տակից:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ տեղանքը բարձր լեռնային է, այդ տարածքում ձնահոսքեր հաճախ են պատահում:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ:

Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:

Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում շարքային Կարապետ Նազարյանի, կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի և կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: