Search
Close this search box.

Եղբորս մարմինը չենք հուղարկավորելու, մինչև արդար քննություն չտարվի. մահացած զինվորի եղբայր

Բանակում խաղաղ պայմաններում մահացած Վահրամ Ավագյանի ընտանիքը բացառում է պաշտոնական վարկածը, ըստ որի, իրենց որդին զորամասում ինքնասպան է եղել:

«Պատկան մարմինները համապատասխան քննություն չեն կատարում կամ փորձում են կոծկել կատարվածը. եղբայրս չէր կարող ինքնասպան լինել, նա նման քայլի ընդունակ չէր»,- Auroranews-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Հայթաղ համայնքից բանակ զորակոչված զինվորի եղբայրը` Վահան Ավագյանը:

Վահանը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Զինվորի եղբայրը պատմում է, որ դեպքից ընդամենը մեկ ժամ առաջ է խոսել եղբոր հետ. «Ամեն ամիս իրեն գումար էինք փոխանցում ձեռքի ծախսի համար, այդ օրն էլ պետք է փոխանցեի, ու նախքան այդ երկու անգամ խոսել ենք, որովհետև բանկային քարտի հետ խնդիր էր եղել, ընկերոջ հաշվեհամարը փոխանցեց: Առաջին անգամ խոսել ենք ժամը 10:10-ին, երկրորդ անգամ դեպքից մեկ ժամ առաջ: Նա իմ եղբայրն է, ու եթե վատ վիճակում լիներ, իրեն վատ զգար գոնե ինչ-որ տարբերակով կզգայի, բայց նորմալ խոսել ենք, ամեն բան կարգին էր»:

Վահանից հետաքրքրվեցինք, թե եղբայրն արդյո՞ք խնդիրներ ունեցել է ծառայության ընթացքում, երբևէ խոսել է դրանց մասին:
«Ոչ մի խնդիր չի ունեցել, միշտ ասել է, որ լավ է, նորմալ ծառայում է: Ծառայության սկզբի օրերին բոլորն էլ ունենում են հարմարվելու խնդիր, բայց արդեն 6 ամսվա ծառայող էր ու որևէ խնդիր կամ կոնֆլիկտ չուներ: Մենք եղբորս մարմինը չենք հուղարկավորելու այնքան ժամանակ, մինչև արդար քննություն չտարվի, իրականությունը չպարզվի: Եղբորս չենք կարող այսպես հուղարկավորել, պատկան մարմինները պետք է պարզեն կատարվածը: Բոլորս էլ համոզված ենք, որ կատարվածը ինքնասպանություն չի, այդ ապատեղեկատվությունը պետք է հերքվի, մեղավորները պատժվեն»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն: