Search
Close this search box.

Հայաստանն արգելեց չինական ծագմամբ կենդանական մթերքի և հումքի ներմուծումը երկրի տարածք

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, տեղեկացնում են ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված՝ կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է:

Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը Կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: