Search
Close this search box.

«Անկախությունն ու ազգային պետականությունը գերագույն ու անփոխարինելի արժեքներ են». Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 101 տարի շարունակ մայիսի 28-ը խորհրդանշում է հայոց պետականության վերածնունդը: Թեպետ Հայաստանի առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ և գոյատևեց ընդամենը երկու տարի, սակայն մեր նախնիների դարեր շարունակ երազած ու իրականություն դարձած անկախությունը կատարեց իր պատմական կարևորագույն առաքելությունը՝ հայ ժողովրդի մոտ արթնացավ անկախ պետականություն ունենալու երկարատև փափագը:

Հենց առաջին հանրապետության ստեղծումը հետագայում անկյունաքարային դարձավ Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականից արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման համար։ Այսօր արդեն 101 տարվա հեռավորությունից մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ անկախությունն ու ազգային պետականությունը գերագույն ու անփոխարինելի արժեքներ են, և որ միայն մեր ազգի միասնականությամբ մենք կարող ենք կերտել մեր բոլորի երազած բարեկեցիկ ու բարգավաճ հայրենիքը: Կրկին շնորհավորում եմ համայն հայությանը կարևորագույն այս տոնի առթիվ: Մաղթում եմ հարատև խաղաղություն և միասնական աշխատանք՝ հանուն մեր երկրի բարգավաճման և հայ ժողովրդի բարօրության: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…