Search
Close this search box.

«Մենք երբևէ չենք հրաժարվել և հիմա էլ չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից». «Սպայկա» ընկերության հայտարարությունը

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի՝ նախօրերին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ ՊԵԿ պատասխանին։ 

Հայտարարությունում ասվում է. 

«Ի պատասխան ՍՊԱՅԿԱ ընկերության վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած ապատեղեկատվությանը հայտնում ենք՝

Հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար:

▪ՊԵԿ-ի մեկնաբանությունների մեջ նշված բոլոր փաստարկները ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների կողմից հիմնովին հերքվել են ապրիլի 5-ի կալանքի միջնորդության վերաբերյալ դատական նիստի ժամանակ: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք առաջիկայում ասուլիս հրավիրել և հրապարակել դրանք:

▪ՊԵԿ-ի կողմից իրավական փաստարկները իրավական պրոցեսից դուրս մեդիա ցանցերում հրապարակելը ըստ մեզ հանդիսանում է դատական համակարգի վրա ոչ իրավաչափ ազդեցություն գործադրելու փորձ:

▪ՊԵԿ-ի կողմից ուղղորդված ապատեղեկատվության տարածումը դիտարկում ենք ոչ միայն ոչ իրավաչափ, այլ նաև Սպայկա ընկերության գոյությանը ուղղված ուղղակի սպառնալիք:

Մենք երբևէ չենք հրաժարվել և հիմա էլ չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից և պատրաստ ենք ՊԵԿ-ի հետ այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցել»: