Search
Close this search box.

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները գոհ են վարչապետի հետ հանդիպումից

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցներ ՀՀ վարչապետի հետ հանդիպումից գոհ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանք հանդիպմանը ներկայացրել են իրենց անհամաձայնությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին որոշման վերաբերյալ:

«Այս պահին հանդիպումից գոհ ենք: Եկանք համաձայնության, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավոր դրվեն փոխտնօրենի վրա: Երաշխավորվեց, որ որևէ մեկը չի գա դրսից մեզ տնօրեն: Մեր էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն նախարարության որոշման հիմնավորումները, մենք էլ գրավոր պետք է ներկայացնենք մեր հակափաստարկները: Խոսվեց այն մասին, որ եթե պարզվի, որ նախարարության որոշման վերաբերյալ կետերից թեկուզ մեկը կեղծ է, ապա դրա պատասխանատուն անմիջապես կազատվի աշխատանքից: Մի կարևոր հարց էլ ասեմ, քննարկվեց այն, որ եթե կան օրենքի թերացումներ, ապա պետք է քննարկումներ անցկացվեն և շտկեն: Կարող ենք ասել, որ մեր խնդրին այս փուլում ականջալուր եղան: Ի դեպ, ՀՀ վարչապետը նշեց, որ ապրիլի 4-ին, թեպետ ունի պայմանավորվածություն, ամեն դեպքում կփորձի գալ և դիտել «Կախարդական սրինգը»: Սիրով կսպասենք»,-ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Կառավարության շենքից դուրս եկած թատրոնի աշխատակիցները նշեցին, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ներկա չէր ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Թատրոնի աշխատակիցները դեմ են այդ որոշմանը: