Search
Close this search box.

Այո՛, ես դարձա ձեր նյութապաշտ համակարգի զոհերից մեկը. ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անկեղծորեն չգիտեմ արդարությունն իմ պարագայում կվերականգնվի, թե ոչ… սակայն ուզում եմ, որ երբեք ժողովրդի մոտ չմարի հույսն ու հավատը: Սպասելի էր, որ կլինեին «աղաղակող» և իմաստազուրկ քննադատություններ, բայց այդ քննադատությունների հասցեատերերն էլ լավագույնս հասկանում են, որ իրենք այլևս անցյալում են և անգամ երջանիկ պատահականությամբ «հոգեդարձ լինելու» շանսեր չունեն անկախ նրանից, ով կգահավիժի կամ սրընթաց վեր կխոյանա…

Մեկ հարց, որ առկախված է մինչ օրս և օբյեկտիվորեն պատասխան է պահանջում, հետևյալն է՝ այդ ինչպես էիք պայքարում կոռուպցիայի դեմ, երբ այսօր պարզվում է ձեր դռան պահակից սկսած անխտիր բոլորը զբաղված են եղել դրամաշորթությամբ…

Եվ երբ կոռուպցիայի դեմ կեղծ պայքարի շրջանակներում պետական համակարգեր էիք «պայթեցնում», որն էր ձեր նպատակը… այսօր, առավել քան երբևէ այլևս բացահայտված է այդ նպատակը՝ ամեն գնով ազատվել ձեր քաղաքական պահանջներին չհամապատասխանող և քաղաքական պատվերները չկատարող պաշտոնյաներին…

Ես սովորական շինարարի ընտանիքից սերված մարդ եմ՝ ում կյանքը դուք ձեր անպատասխանատու որոշումներով դարձրեցիք տառապանքներով լի մի պատմություն: Ի հակադրություն ձեզ ու ձեր մարդակեր համակարգի ես այսօր էլ հպարտորեն կարողանում եմ պահպանել իմ հոգու մաքրությունն ու վեհությունը: Այո՛, ես դարձա ձեր նյութապաշտ համակարգի զոհերից մեկը, կրելով անարգանք ու նվաստացում՝ սակայն երբեք չվհատվեցի և հավատում եմ արդարության հաղթանակին:

Հ.Գ. Միթե կարելի էր արգելել և սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ազատ մուտքն ու ելքն իր աշխատասենյակ… մինչ օրս չեմ կարողանում հասկանալ՝ ինչ էր ձեր ուզածն ինձնից… Չնայած հասկացել եմ՝ ես չէի կարող սուրիկ խաչատրյաններին «հերոսացնել»…

Եվ եթե կոռուպցիայի դեմ «պայքարելով»՝ կատաղի պայքար էիք մղում իմ դեմ, ապա ներկայումս գործող առնվազն երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Հատուկ Քննական ծառայության պետ Սասուն Խաչատյան կարող են ասել, թե պաշտոնավարման ընթացքում երբևէ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանին մեկ հատ գրիչ նվիրել են, թե ոչ… կամ առհասարակ որևէ դեպքով նա ապօրինի կամ ոչ իրավաչափ հանձնարարություններ տվել է իրենց, թե ոչ… Խնդրում եմ հնարավորության պարագայում անպայմանորեն հարցրեք…
Նախապես ասում եմ՝ հավատացեք, չի կարող նման բան լինի…
Ես հպարտ մարդ եմ և արդարությանը երեկ էլ, այսօր էլ և վաղն էլ նայելու եմ ուղիղ և շիտակ…

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իմ հարցի հետ կապված իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտել է՝ չներկայանալով վարչական դատարան…

Ես դատական համակարգից արդարություն չեմ «ուրում», ես արդարություն եմ պահանջում…