Search
Close this search box.

Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենի Բագրատ Ենգիբարյանի խոսքը.

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀում ոլորտի զարգացման հեռանկարները»

Հայաստանում այսօր կա բարձր տեխնոլոգիական  պրոդուկտ, որ ճանաչված եւ մրցունակ  է  համաշխարհային շուկայում:   ՏՏ  ոլորտում մեզ հնարավորություն է տրված: Հայաստանը մտնումէ նոր  փուլ: Վերազգային կազմակերպությունները գալիս են, որպեսզի իրենց ամենաբարդ խնդիրները լուծեն Հայաստանում: Այլեւս էական  չէ ինչքան գումար է վճարվում, անհրաժեշտ է միայն, որ այդ խնդիրները լուծվեն: Կարող ենք դրսեւորվել  արհեստական ինտելեկտի, մեքենայական ուսուցման եւ այլ ոլորտներում, որտեղ խնդիրը վերաբերում է մաթեմատիկական խնդիրների լուծմանը:

ՏՏ-նոչ միայն դարձել է ոլորտ, որ  Հայաստանը դնում է աշխարհի քարտեզի վրա, այլեւ ստեղծում է նոր ուղղություններ: Աշխարհը այսօր հնարավորություններ է տալիս, որոնցից պետք է օգտվել ու հմտանալ:  Մոտ ապագայում իրականություն կդառնան, օրինակ,  առանց վարորդի մեքենաները: Դա շատ մեծ գործ է, նախ ծրագրավորումը պետք է արվի, հետո տարբեր ընդունիչները պետք է նախագծվեն, այսինքն կարելի է ենթաոլորտներ բերելով, կողքը ինդուստրիաներ ստեղծել: Մենք ներուժ ունենք, պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: Մենք ու մեր երեխաները պետք է գիտակցենք բարձրագույն տեխնոլոգիական կրթության անհրաժեշտությունը:

Ոլորտի կայացման համար տարբեր հանգամանքներ համընկան: Կախվածությունը պետությունից այնքան մեծ չէր, որքան այլ ոլորտներում, կապիտալ ներդրումները քիչ էին պետք, կարեւորը ուղեղն էր, ստացվեց սփյուռքի հետ աշխատանքը  եւ ամենակարեւորը մի խումբ նվիրյալներ կային, որ որոշեցին, ոլորտը պետք է կայանա եւ արեցին հնարավոր ամեն ինչ: Մենք շատ ուրախ ենք, որ պետությունը այսօր հենվում է ՏՏ-ի վրա, որովհետեւ դա կարող է ստիմուլ դառնալ մյուս ոլորտների համար: Մենք պետք է չվախենանք բարդ խնդիրներ լուծելուց: Մենք չպետք է վախենանք մեր հաջողություններից ու այս ոլորտի կայացման մոդելը տարածենք նաեւ մյուս ոլորտների վրա:

Չափազանց կարեւոր է նաեւ, որ մենք կարողանանք այս ամբողջ հաջողությունը նաեւ մեր տնտեսության մեջ կիրառել: Բարձր տեխնոլոգիաների արտադրանքի 70 տոկոսը մեր երկրի համար չէ: Մի կողմից դա լավ է, մենք բարդ խնդիրներ ենք լուծում, մյուս կողմից էլ՝ տնտեսությունը չպետք է մոռանանք: Կարեւոր է, որ տեքստիլից մինչեւ հանքաարդյունաբերություն կարողանանք կիրառել տեխնոլոգիական լուծումները եւ էֆեկտիվությունը բարձրացնել:

IT ոլորտում ձեռքբերումներ ունենք, բայց խնդիրներն էլ քիչ չեն: Առաջնային է կրթության հարցը: Ոլորտը առաջ է գնացել, աշխարհում շատ փոփոխություններ կան, որի հետեւից պետք է կարողանանք հասնել մեր կրթությամբ: Կարեւոր է հասկանալ, որ Հայաստանը չի կարող էժան աշխատուժի տեղ համարվել: Մեր երեխաներին պետք է թույլ չտանք  դպրոցից անմիջապես հետո գնալ աշխատելու, նրանք պետք է լիարժեք կրթություն ստանան: Համալսարանական լավ կրթությունը չափազանց կարեւոր է: Եթե մի քանի ամսում հնարավոր է  ծրագրավորում սովորել, ճարտարապետության մեջ  ոչինչ չես կարող անել, եթե չորս տարի ինժիներիան լավ չսովորես: Իսկ մեր ԲՈՒՀ-երի վիճակը լուրջ է… Եթե քիչ թե շատ գլուխ ենք հանում դպրոցական կրթությունից՝լաբորատորիաներ է  դրվում եւ այլն, ԲՈՒՀ-երում կրթական մակարդակի լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Այսօր լավ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ պատրաստելը նշանակում է լուրջ ներդրում անել ապագայի համար:Եթե մենք կարողանանք ԲՈՒՀ-երը զարգացնել, խելացի մարդուն կերտել եւ նրա աշխատելու համար բարենպաստ պայմաններ ապահովվել,  մենք լրիվ այլ հարթության վրա կարող ենք հանդես գալ:

Ոլորտային խնդիրներից  է նաեւ վերազգային հայտնի  կազմակերպություններ Հայաստան բերելը: Ինչքան շատ, այնքան լավ: Չ՞է որ դրանց մեջ է ամփոփված ամբողջ աշխարհի գիտելիքը: Եթե ինչ որ մի կազմակերպություն, օրինակ,  120 երկրում ներկայացուցչություն ունի, նշանակում է այդ ամբողջ երկրներից ինֆորմացիա ունի: Հետազոտությունները շատ լուրջ մակարդակի վրա են: Տվյալ կազմակերպությունը Հայաստան գալով՝ ամբողջ այդ ինֆորմացիան տեղափոխում է մեր երկիր: Տեխնոլոգիական նորարությունը կենտրոնացած է աշխարհի հզոր ֆիրմաներում: Միջին եւ փոքր ընկերությունները զարգանում են հզոր ֆիրմայի կողքին: Նորարություն չկա, եթե չկա խնդիր: Եթե մարդ չգիտի, որ կողքինը մետր 60 է թռել, նա կհպարտանա իր մետր 40-ով: Մարդիկ պետք է տեղյակ լինեն ի՞նչ է կատարվում աշխարհում, որ մյուս խնդիրը լուծեն: Մեծ կազմակերպությունը բերում է խնդիր, տեխնոլոգիա, նոր նշաձող է դնում եւ դու ստիպված ես ձգտել դրան: Մենք  պետք էկարողանանք այդ գիտելիքը  բերել մեզ մոտ, որովհետեւ հայերը, երբ ճիշտ միջավայր են ընկնում կարողանում են նոր լուծումներ գտնել: Հայերի առանձնահատկությունն է, որ շատ արագ կարողանում են հարմարվել միջավայրին եւ նոր լուծումներ գտնել: Համաշխարհային խոշոր կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը մի անգամ ասաց՝ այս հայերի հետ չգիտենք ինչպես վարվենք: Աշխատանք ենք տալիս, քիչ չի անում են, մի բան էլ նոր առաջարկ են անում, չես իմանում  այդ առաջարկի հետ ի՞նչ անես… Վերազգային կազմակերպությունների առաջնային խնդիրը հետազոտական միտք փնտրելն  է եւ Հայաստանը կարող է հանգուցային կետ լինել, որտեղ կարող են գտնել այդ միտքը: Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու:Աշխարհում գիտեն, որ խնդիրներ լուծելու տեղ է Հայաստանը  եւ մի նոր տենդենց է սկսել , սկսել է դրսից ոչ հայ աշխատուժ գալ մեր երկիր: Այդ ամենը իրար հետ կապելով՝  կարող ենք ասել, որ Հայաստանի տեղը աշխարհում գիտեն, բայց, եթե ավելի ուշադիր նայեն, շատ բան ունեն անելումեր երկրում: Պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել մեր ունեցածը, որովհետեւ շատ երկրներ ավելի լավ են ներակայացնում անգամ իրենց չունեցածը:

Մի քանի թիվ նշեմ՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կազմակերպությունների թվով հազարը անցել է, հատում ենք 16 հազար մասնագետների շեմը:  Խոսում ենք հաջողություններից, բայց խնդիրները շատ-շատ են: Հիմնականում համակարգային խնդիրներ են դրանք եւ  կազմակերպչական բնույթ ունեն:  Առաջին հերթին մենք պետք է որոշենք, թե աշխարհում որտեղ ենք դիրքավորվում: Եթե մենք կապուչինոյի սերուցքն ենք ուզում՝ ամենաթանկ, ամենբարձր մակարդակի գործը, պետք է հասկանանք որտեղից պետք է սկսել: Առաջին հերթին մասնագետը պետք է ավարտի ԲՈՒՀ-ը: եթե ԲՈՒՀ-ը վատն է, չի նշանակում, որ այնտեղ գնալ պետք չէ, պետք է ԲՈՒՀ-ը փոխվի: Պետք է հասկանալ, որ եթե կապուչինոյի սերուցքն ես ուզում պետք է կաթ լցնես, հակառակ դեպքում սերուցք չի ստացվի: Միայն լավ կրթություն ստանալով կարող ես դառնալ լավ մասնագետ եւ լավ, բարձր վարձատրվող գործեր անել: Վերապատրաստումներով, կուրսերով կարող ես դառնալ ծրագրավորող եւ էժան գործեր անել միայն: Իսկայսօր ինչպե՞ս է, եթե ԲՈՒՀ-ը կարողանում է լավ գործ բերել Հայաստան, ամբողջ եկամուտը գնում է բյուջե: Լավ գործ Հայաստան բերելու ստիմուլը սկզբից եւեթ վերացված է: Երկիրը չի կարողանում լուծել կենսաթոշակի հարցը, որոշել է, որ ակադեմիաներից եւ համալսարաններից չի կարելի մարդկանց հանել: 30-40 դրամը հազարը դասախոսների կենսաթոշակն է, բայց նա դա վաստակելու համար պետք է մտնի լսարան: Այսպիսովնա  իր խնդիրը տանում է լսարան եւ երեխաների մոտ սպանում է ամբողջ հետաքրքրությունը:

Աշխարհում չկա երկիր, որ տեխնոլոգիական շարժիչ ուժը պետությունը չի: Աշխարհի ՀՆԱ-ի 50 տոկոսը ստեղծում են չորս երկիր՝ ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, որոնք ունեն տեխնոլոգիա: Ինչո՞ւ ունեն տեխնոլոգիա, որովհետեւ  կառավարությունը աջակցում է տեխնոլոգիական զարգացմանը: Մեզ մոտ համակարգային պարզ խնդիրների լուծմամբ կարող ենք շատ հարցեր լուծել: Երկու հարց վերցնենք. Առաջին հերթին պետք է հասկանանք ո՞ւր գնալ, Բելոռուսները, օրինակ հասկացել են, որ իրենք չեն ուզում բարդ խնդիրներ լուծել: Աշխարհի ճանաչված ֆիրմաներ գալիս են Բելոռուսիա ու տեղի կազմակերպությունները պարզ գործեր են անում: Հայկական ընկերությունները համաձայն չեն: Նրանք նախընտրում են անել քիչ, բայց բարդ ու թանկ գործերը: Ես կարծում եմ, մեզ համար դա է ճիշտ տարբերակը, որովհետեւ մենք քիչ ենք ու կարող ենք թանկ գործերով մեծ եկամուտ ունենալ: Բայց այս դեպքում պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա: Ի դեպ, հարցը այս դեպքում գումարին չի վերաբերվում: Եթե Կոստարիկայի նախագահը իրեն կարող է թույլ տալ, որ հինգ տարի խնդրի , որ Ինտելը գնա իր երկիր, ցանկացած երկրի ղեկավար կարող է իրեն թույլ տալ տասը տարի խնդրել: Նրա երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը Ինտելից է գալիս…Մենք պետք է ակտիվ լինենք, ոչ թե նստենք սպասենք սփյուռքը ի՞նչ պետք է անի, ասենք՝  մեզ չեն սիրում, չեն գալիս թող չգան եւ այլն: Պետք է չվախենանք, դիրքավորվենք, լուրջ գործերի հավակնություն ունենանք եւ հավատանք, որ մեզ մոտ ամեն բան ստացվելու է:

Այսօր մի բացառիկ իրավիճակ է մեր երկրում շատ բաներ նոր էջից սկսելու համար եւ   ՏՏ ոլորտի ներկայացուցիչները պետք է մասնակից դառնան  երկրի զարգացման գործին, նպաստեն իրենց գիտելիքով եւ ինտելեկտով: Պետք չէ սպասել, որ ինչ- որ մեկը կոորդինացնի եւ առաջ տանի: Բացառիկ հնարավորություն կա նոր էջից սկսելու, ուս -ուսի  տալու ու հաջողության հասնելու, որովհետեւ արդեն տեսել ենք, որ  դա հնարավոր է: Պետք է շատ արտադրենք ու տարբեր տեղերում կիրառենք: Պետք չի սպասել, որ կառավարությունը առաջարկի, պետք է համոզել, ցույց տալ, թիմ սարքել ու միասին առաջ  գնալ:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»լրատվական-վերլուծական խումբ