Search
Close this search box.

Ահազանգեր եմ ստանում, որ իմ վստահված անձանց թույլ չեն տալիս մտնել ընտրատեղամասեր․ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Գրիշա Վիրաբյան

Երկրի ապագան հիմա կախված է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանից, որքան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախկին անդամ, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում առաջադրված Գրիշա Վիրաբյանը։

«Եթե ԲՀԿ-ին հաջողվի իրականացնել իր տնտեսական հեղափոխությունը, իր ծրագիրը, ապա երկիրը զարգացում կունենա, իսկ եթե ոչ, Նիկոլ Փաշինյանը կա՛մ պետք է մեկ տարի հետո հրաժարական տա, կա՛մ դիմի դիկտատորական եղանակների՝ որպես դիկտատոր մնալու համար։ Ժողովուրդը մեծ հույսեր ունի, եթե դա չարդարանա, ժողովուրդը կընդվզի։ Կարծում եմ՝ այն թիմով, որով Նիկոլ Փաշինյանը գնում է, դժվար թե կարողանա, եթե լուրջ հետևություններ չանի»,- նշեց նա։

Գ․ Վիրաբյանն իր ընտրությունը կատարեց Արարատի մարզի Շահումյան համայնքի 12/35 ընտրատեղամասում՝ հանուն երկրի ապագայի, հանուն կայացած հեղափոխության տրամաբանական ավարտի։

Հարցին՝ ինչպես ստացվեց, որ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով գնացիք ընտրություններին, Գրիշա Վիրաբյանը պատասխանեց․ «Առաջարկ չարվեց առաջինը «Իմ քայլը» դաշինքի կողմից, և այդքան պայքարից հետո ես չէի կարող անտարբեր մնալ ընտրություններին, և ինքս ցանկություն հայտնեցի «Բարգավաճով» առաջադրվել։ Իհարկե, առաջարկի էի սպասում «Իմ քայլից», որովհետև ես ճանապարհ եմ անցել, և մինչև վերջին օրը ես ինքս պայքարում էի այդ իշխանության դեմ։

Ակամայից հայտնվեցին մարդիկ, որոնք Գյումրիից Երևան քայլելով կարողացան տեղ գրավել այդ ցուցակում։ Մյուս կողմից էլ իմ անցած ճանապարհն այնպիսին է, որ ես սովոր եմ թռչելու, ոչ թե քայլելու»։

Հարցին, թե գաղափարական մասը կարևոր չէ, որ «Իմ քայլից» առաջարկ չեղավ, ԲՀԿ ցուցակով մասնակցեցիք ընտրություններին, թե ընտրություններին մասնակցելը ինքնանպատակ էր, պատգամավորի թեկնածուն նշեց․ «Ես երբեք իմ գաղափարին չեմ դավաճանել։ Իսկ ով ասաց, որ ԲՀԿ-ն չի պայքարում այս երկրի համար, դեմոկրատական ազատությունների համար։ Ամենավճռական պահին ԲՀԿ-ն հեղափոխական հարթակում էր»։

Գրիշա Վիրաբյանն իր շանսերը համեստ է գնահատում, քանի որ շատ դժվար է պայքարել էյֆորիայի, ուրիշի թիկունքում թաքնված մարդկանց դեմ։ «Բոլորս տեսանք, թե «Իմ քայլը» ինչպես է քարոզարշավն իրականացնում, դա ոչնչով չի տարբերվում նախորդ իշխանությունների կատարած քայլերից։ Վարչական ռեսուրսի կիրառումը, չերևացող մարդիկ, որոնք կյանքում գրեթե ոչինչ չեն արել, միայն իրենց հավատարմությունը ցույց տալու համար փորձում են ընդգծված ձևով այնպիսի քայլերի գնալ, որ ժողովրդի աչքին երևան, իբր իրենք Նիկոլի կողքին են, բայց իրենք Նիկոլի կողքին չեն, թիկունքում են թաքնված»,- ասաց նա։

ԲՀԿ պատգամավորի թեկնածուն նաև հայտնեց, որ ահազանգեր է ստանում որոշ ընտրատեղամասերում իր վստահված անձանց մուտքն արգելելու հետ կապված։ Ահազանգերը ճշտվում են։