Search
Close this search box.

Քաղաքական մենաշնորհի ձևավորումն անխուսափելի է. Ռ. Քոչարյանի հարցազրույցը Лента-ին

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել lenta.ru կայքին ՝ խոսելով քաղաքականություն վերադարձի, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջնական հաղթանակի դեպքում հնարավոր զարգացումների ու դրա ֆոնին Հայաստանի՝ Ռուսաստանի ու արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների փոփոխման հավանականության մասին:

Քոչարյանը կանխատեսել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո երկրում կձևավորվի միաբևեռ խորհրդարան, ինչպես նաև մենաշնորհային քաղաքականություն:

«Ընտրությունների բացասական հետևանքներից մեկն այն կլինի, որ կձևավորվի նոր քաղաքական մենաշնորհ, որից երկիրը որևէ օգուտ չի քաղի: Որպես կանոն՝ իշխանական մենաշնորհը հանգեցնում է լճացման ու իշխանական այլասերման, և ամենևին էլ կապ չունի, թե այդ իշխանությունն ինչ աստիճան հեղափոխական է եղել: Երկրում այլևս չի գործի իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր զսպման ու հակակշիռների համակարգը»,-նշել է նախկին նախագահը:

Քոչարյանը մանրամասնել է, որ մենաշնորհի մասին խոսելով՝ նկատի ունի մեկ կուսակցության ընդգծված գերիշխանությունը, ինչն էլ, ըստ նախկին նախագահի, խոսում է հասարակության՝ քաղաքական առումով անառողջության մասին:

Նա նաև քննադատել է այն, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության գաղափարախոսության, դրա անդամների, նրանց մասնագիտական հմտությունների, քաղաքական ներուժի վերաբերյալ դատողություններ անելու համար հիմք ծառայող անցյալի մասին հստակ տեղեկություն չկա:

«Ընտրությունների ընթացքում դժվար թե քննարկվեն երկրի կառավարման սկզբունքներն ու մեխանիզմները, ներքին և արտաքին զարգացման ուղղությունները:

Գերիշխող թեմա է լինելու մարդկանց հեղափոխականության աստիճանը: Դա իրականության սև ու սպիտակ ընկալում է, որը հնարավոր է միայն հասարակության ծայրահեղ հուզական գրգռվածության դեպքում: Նման միջավայրում քաղաքական մենաշնորհի ձևավորումն անխուսափելի է»,-շարունակել է Քոչարյանը և որպես ասածի վառ օրինակ հիշեցրել վերջերս Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունները:

Քոչարյանն ընդգծել է, որ որոշ քաղաքներում քաղաքապետ են ընտրվել կառավարման փորձի իսպառ բացակայությամբ մարդիկ:

«Նրանք ընտրվել են միայն այն պատճառով, որ վայելել են վարչապետի աջակցությունը: Այստեղ հարց է ծագում՝ ուղղված այդպես քվեարկած մարդկանց՝ դուք Էջմիածնում վարչապե՞տ եք ընտրել, թե՞ ձեր խնդիրները լուծող իշխանություն: Նորմալ չէ, երբ քաղաքապետ են ընտրում ոչ թե առաջնորդվելով նրա կառավարման հմտություններով, այլ այն փաստով, որ նրան աջակցում է վարչապետը»,-եզրափակել է ՀՀ երկրորդ նախագահը: