Search
Close this search box.

«Ժամանակ». Սերժի Վաչոյի մարդը. Վարդենիսի քաղաքապետը անցել է ընդհատակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կատարած չարաշահումների կասկածանքով հուլիսի 19-ին  ձերբակալվել էին «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը (որը Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանի հարազատ եղբայրն է) և պահեստապետ Վահագն Նալբանդյանը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով` ոստիկանության  6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել և բազմաթիվ չարաշահումներ բացահայտել ոչ միայն ՊՈԱԿ-ում, այլև Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում, որի պետի պաշտոնը մինչև քաղաքապետ դառնալը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը:

Մեր տեղեկություններով` այս օրերին Վարդենիսի քաղաքապետը անցել է ընդհատակ: Նա չի ներկայանում աշխատանքի և շրջում է անծանոթ համարանիշներով ավտոմեքենաներով` ենթադրելով, որ ոստիկանությունը մի օր էլ իր հետևից է գալու: Վերջինիս մտավախությունն ունի հիմնավոր պատճառներ ոչ միայն ՍԱՏԳ-ում գործունեության առումով: Արամ Հարությունյանը քաղաքապետ աշխատած կարճ ժամանակահատվածում հասցրել է վաճառել քաղաքի բոլոր ազատ տարածքները, ինչպես նաև տարաբնույթ «լավություններ» է արել իր ողջ ազգուտակին:

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` քաղաքապետի ազգականներից մեկը` բռնաբարության համար դատապարտված Ռոմա Մինասյանը, քաղաքի միակ զբոսայգում սրճարանի անվան տակ հսկայածավալ  կապիտալ շինարարություն է սկսել:

Ի դեպ,  շինարարությունը կատարվում է հենց Վարդենիսի ԱԱԾ շենքի դիմաց.  քաղաքապետն ու իր ազգականը մտահոգվելու բան չունեն, քանի որ ԱԱԾ աշխատակից Ռաֆիկ Բոխյանը տվել է իր «դաբրոն»: Նշենք, որ վերջինս, Ռոմա Մինասյանը և Արամ Հարությունյանը նույն թիմից են, և նրանց անունները կապվում են նորատուսցի քրեական հեղինակություն եղբայրների` Ալիկ և Արա Բանդուրյանների հետ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: