Search
Close this search box.

Մասիսի քաղաքապետը կալանավորվեց

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»:

Իր հերթին, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն էլ տեղեկացնում է. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին։

Մասնավորապես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ՝ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը, Գ.Համբարձումյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկման փուլում էլ»,- գրել է Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Այնուհետև, զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով, ձերբակալվեցին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանիը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանը, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանը, 30-ամյա Գոռ Խաչատրյանը: Նրանց մեղադրանք առաջադրվեց:

Սակայն հունիսի 2-ին դատարանը որոշեց քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանք ազատ արձակվեցին դատարանի շենքից: