Search
Close this search box.

Պոկել են պատուհանի մետաղյա ճաղավանդակը, մուտք են գործել տուն. մանրամասներ Մանվել Գրիգորյանի հայրական տան գողությունից

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Արմավիրի մարզում արձանագրված գողության և գողության փորձի դեպքերի առթիվ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018թ. հունիսի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունիսի 15-ի ժամը 13.00-ից մինչև հունիսի 28-ի ժամը 11.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան չբնակեցված լինելու հանգամանքից՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի մետաղյա ճաղավանդակը պոկելու և պատուհանը բացելու եղանակով մուտք են գործել ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ներկայում կալանավորված Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տուն, խառնել են տան իրերը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ գողության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն։

Հունիսի 28-ին ահազանգ է ստացվել նաև Էջմիածին քաղաքի տներից մեկից կատարված գողության վերաբերյալ։ Ըստ բնակչուհու ահազանգի՝ 2018թ. հունիսի 27-ի ժամը 22:00-ից մինչև հունիսի 28-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տան հետնամասի եվրոպական արտադրության դուռը և դռան ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել իրենց տուն և հափշտակել տարբեր իրեր՝ արևային ակնոցներ, ձեռքի ժամացույցներ, բիժուտերիաներ, դրամապանակներ, կանխիկ գումար, բանկային քարտեր, ինչպես նաև որդուն՝ Ա.Գրիգորյանին պատկանող որսորդական հրացանը և դրա վերաբերյալ փաստաթղթերը։ Նախնական տվյալներով՝ բնակչուհուն պատճառվել է 13 միլիոն 310 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, 238-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին/անձանց հայտնաբերելու ուղղությամբ: