Search
Close this search box.

Հույս կա, որ Երևանը դա հաշվի կառնի արտաքին քաղաքականություն կառուցելիս․ հայտարարել են Կրեմլից

Հայաստանը շահում է ԵԱՏՄ անդամակցությունից, և հույս կա, որ Երևանը դա հաշվի կառնի արտաքին քաղաքականություն կառուցելիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է: Նա նաև ասել է, որ «հետխորհրդային տարածքում Հայաստանն առավել դինամիկ է զարգանում. նրա ՀՆԱ-ի աճը անցած տարվա ընթացքում գերազանցել է 15 տոկոսը»:

«Դա մասամբ պայմանավորված է մեր երկրի հետ շատ սերտ փոխշահավետ համագործակցությամբ և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից, դա միանշանակ է։ Դա ցույց են տալիս թվերը։ Աճում է ապրանքաշրջանառությունը, աճում է օգուտը, տրանսպորտային ծառայությունները, պարզապես ծառայությունները, ֆինանսական հատվածը։ Հայաստանը շահում է դրանից, այսինքն՝ շահում է հայ ժողովուրդը»,- ասել Է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը վստահություն է հայտնել, որ «այդ ամենը հաշվի կառնի Հայաստանի ղեկավարությունը արտաքին քաղաքականության վերաբերյալ իր որոշումներն ընդունելիս»:

«Դա, իհարկե, ինքնիշխան որոշում է։ Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրենք։ Մենք կողմ ենք միասին գումար վաստակելուն, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն։ Եվ մենք վստահ ենք, որ մեր բարեկամ հայերը նույնպես դա հասկանում են», — ընդգծել է նա։