Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը՝ եղբոր կնոջ գործի, ՀԱՊԿ-ից դուրս գալու և այլ ներքաղաքական հարցերի մասին

Բոլորի մոտ տպավորություն կա, որ նման հարցերը կուլիսային լուծումներ պետք է ստանան, բայց ոչ, նման հարցերը պետք է ստանան իրավական լուծում, եւ իրավական լուծումից այն կողմ որեւէ քննարկում անտեղի է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ էկոնոմիկայի նախարարությունում հայտնի սկանդալային գործի շրջանակներում կալանավորվել էր նաեւ իր եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը հետ ազատ էր արձակվել:

«Չի կարող իմ եղբայրը կամ ես հանցագործություն գործենք եւ չգիտեմ, երկրի վարչապետը, ՍԴ նախագահը կամ որեւիցե այլ պաշտոնյա, կանչի կուլիսում քննարկի ու ասի՝ գիտես ինչ, քանի որ դու ես կամ քո եղբայրն է, արի էս գործը ծածկադմփոց անենք: Ես համոզված եմ, որ մեղադրանքը սխալ է, եւ իմ բարեկամի վերաբերյալ մասը ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ այդտեղ սխալմունք է տեղի ունեցել: Բայց դա չի նշանակում, որ համակարգը, պետությունը պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի: Դա անհնար է եւ անընդունելի է»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ՔՊ-ական պատգամավորները միջնորդություն էին ներկայացրել իր եղբոր կնոջ եւ եւս մեկ կնոջ համար փոխել խափանման միջոց կալանքը, ԱԺ նախագահն ասաց. «ՔՊ-ն չի խառնվել գործին, արդար է, թե ոչ, ով է մեղավոր կամ մեղավոր չի: Ես պնդում եմ, եւ կարծում եմ, որ ՀՀ-ում անընդունելի է, որ դատարանը որոշում է կայացնում որեւէ մանկահասակ երեխայի մոր նկատմամբ կալանք ընտրել, երբ կան տարբեր միջոցներ: Կա խոսակցություն, որ էլի նման դեպք է եղել, եւ ես առիթից օգտվելով ներողություն եմ խնդրում, որ չեմ իմացել դրա մասին: Դա իմ մեղավորություն է: Կարծում եմ՝ կանեի նույնը, ինչ արեցի այս դեպքում: Անկախ նրանից ով է, մանկահասակ երեխա ունեցող կնոջ նկատմամբ կալանք ընտրելն անթույլատրելի է: Ես չգիտեմ՝ ինչ դեպք պետք է լինի, որ նման որոշում կայացվի»:

Ալեն Սիմոնյանը նաեւ հայտարարեց, որ եթե պարզվի, որ անձը մեղավոր է, նա պետք է կրի համապատասխան պատիժ՝ անկախ նրանից, թե նա ով է. «Դա բոլորին է վերաբերում, բայց ես կարծում եմ, որ դա անհնար է, որովհետեւ երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչ մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է», — հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին և փետրվարի 15-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու համար (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

Այս գործով կալանավորվել էին նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, եւ Լիլի Մկրյանը: Նրանց նկատմամբ կալանքը փոխելու երաշխավորությամբ դիմել էին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները: Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել էր երկու կանանց խափանման միջոց կալանքը:

Ավելի ուշ նույն գործի շրջանակներում տնային կալանք խափանման միջոց էր կիրառվել էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ: