Search
Close this search box.

Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆի պարանոցը։

Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին հայտնում է. «Մարդ ենք սպանել» ու նաև որոշ մանրամասներ պատմում այդ սպանությունից։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո լուրեր տարածվեցին, թե նա պատրաստվում է ներում շնորհել Ենոքյանին, սակայն աղմուկը, որ բարձրացավ այդ լուրից հետո, թերևս, ետ պահեց իշխանությանը: Սակայն Մհեր Ենոքյանի կյանքում, այդուհանդերձ, Փաշինյանի իշխանության գալը միայն դրական ազդեցություն ունեցավ, քանզի ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործի պատժի ռեժիմը 2022 թվականից փոխվեց՝ կիսաբաց ռեժիմից տեղափոխվեց ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ։