Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը կրկին բարկացավ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց մարզային այցերի ընթացքում նկատած մի շարք խնդիրներ՝ հատկապես դպրոցներում իրականացվող ծրագրերում։ Վարչապետը մարզպետներին և համապատասխան պաշտոնյաներին հորդորեց լինել հետևողական՝ պահանջելով ոչ թե հարցեր բարձրացնել, այլ լուծել դրանք:

Փաշինյանը կառավարության նիստում ասաց. «Իմ մարզային այցերի արդյունքներով մեր ծրագրերի իրականացման մեջ ես տեսնում եմ լրջագույն խնդիրներ: Մասնավորապես, դպրոցներում իրականացվող ծրագրերում տեսնում եմ խնդիրներ: Շատ դեպքերում գործ ունենք նախագծման, իրականացման և գույքի որակի հետ կապված խոտանի հետ»,- մանրամասնեց նա:

Վարչապետը խոսեց նկատած մի շարք խնդիրների մասին: Նա նշեց՝ գույք են ձեռք բերում ու տալիս դպրոցների ֆիզկուլտուրայի դահլիճին, օրինակ՝ վոլեյբոլի ցանց, սակայն դահլիճում վոլեյբոլի գծանշում չկա: «Վոլեյբոլը մարզաձև է, որն ունի կանոն: Հիմա տասնյակ դպրոցների տվել ենք վոլեյբոլի ցանց, սակայն մտնում ես դահլիճ, ասում ես՝ ո՞ւր է վոլեյբոլը. չկա վոլեյբոլ: Դպրոցում գնում ենք կախիչին ձեռք ենք տալիս, ընկնում է, որտեղ գնում ես, ջուրը կաթում է…»,-ասաց վարչապետը՝ բարձրացնելով նկատած մի շարք հարցեր, այդ թվում՝ թերի շինարարության հարցերը:

Փաշինյանը դիմեց գործընկերներին՝ իսկ ինչո՞ւ պետք է վարչապետը գնա, այդ ամենը տեսնի: Մարզպետները տեղում պատասխանատու են այն ծրագրերի համար, որոնք իրականացվում են պետական բյուջեից: «Տեղեր կան, որ ես 2, ստիպված 3-րդ անգամ էլ եմ գնալու: Որտեղ ես 3 անգամ եմ գնում, դուք պետք է 13 անգամ գնաք: Այո, պետք է գնաք կախիչից ձեր վերարկուն կախեք, լվացարանից օգտվեց, նայեք՝ ինչ է կատարվում»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ չեն կարող նման իրավիճակ հանդուրժել՝ սկսած նախագծման փուլից: «Ամենակարևորը՝ երեխաներին ասում եք դպրոցը բացել ենք, եկեք, դաս արեք: Բայց այդ երեխան, որ իր վերարկուն կախեց, կախիչն ընկավ, իր պետության մասին ի՞նչ է մտածելու: Եթե 3000 դրամանոց կախիչի փոխարեն 150 դրամանով կախիչ են կախել, երեխան մտածելու է, որ շինարարից սկսած մինչև վարչապետ այդ փողն իրար մեջ կիսել են»,-հարցրեց վարչապետը:

Խոսելով պետության նկատմամբ վերաբերմունքից՝ Փաշինյանը պահանջեց, որ մարզպետներից սկսած բոլոր նրանք, որոնք թեմայի հետ առնչություն ունեն, լինեն հետևողական:

«Ինձ այլևս պետք չեն խնդիրների բացատրություններ: Ինձ պետք են խնդիրների լուծումներ: Խնդրում եմ ինձ որևէ մեկդ չտաք բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես, կգաք, կասեք, որ այս հարցը լուծված է: Ինձ այլևս չեն հետաքրքրում բացատրություններ, ինձ պետք են լուծումներ: Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, ովքեր լուծում են հարցեր»,-շեշտեց վարչապետը:

Նա հավելեց՝ կառավարության շենքից դուրս, սոցիալական ցանցերում էլ օրական 1000 հարց է բարձրացվում, այդ հարցերը բարձրացնելու համար կառավարությունը նրանց պաշտոն ու աշխատավարձ չի տալիս, հետևաբար, ովքեր կառավարությունում են, պետք է հարց չբարձրացնեն, այլ պետք է լուծեն այդ հարցերը: