Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի միջանցքը պետք է բացվի. ՀՀ-ն չի ներգրավվելու այս խնդրի շուրջ նոր բանակցություններում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է նախօրեին իր ադրբեջանցի գործընկերոջ այն պնդումը, թե, իբր, Բաքուն Երեւանին առաջարկել է համատեղ զուգահեռ վերահսկողություն իրականացնել Լաչինի միջանցքի նկատմամբ, իսկ հայկական կողմը մերժել է այդ առաջարկը:

Ապրիլի 28-ին Երեւանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Քատրին Քոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Միրզոյանն ընդգծել է, որ միջանցքի գործունեության վերաբերյալ պայմանավորվածություններն ու կարգավորումները բոլորին հայտնի են, դրանք ամրագրված են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Այս հարցի շուրջ որեւէ նոր բանակցությունների Հայաստանը չի մասնակցել եւ չի պատրաստվում մասնակցել, իսկ առկա պայմանավորվածությունները պետք է պահպանվեն, որպեսզի հնարավոր լինի հասնել ավելիին:

Ինչպես նշել է նախարարը, այն, ինչ Ադրբեջանն արել եւ շարունակում է անել Լաչինի միջանցքում, բացարձակապես անօրինական է, եւ դա հաստատվում է ՄՔԴ որոշմամբ եւ պետք է վերացվի: Միեւնույն ժամանակ, այն, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին եւ անվտանգությանը, կարող է քննարկվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի մեխանիզմում։