Search
Close this search box.

«Մրցակցություն» Լաչինի միջանցքում. Երևանի առաջարկը

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա», կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ըստ էության արձանագրում է բավականին պարզ իրողություն, բայց Հայաստանի քաղաքական ղեկավարության խնդիրը անշուշտ ոչ թե պարզ իրողություններն արձանագրելը, այլ լուծումներ փնտրելն է: Գուցե այդ փնտրտուքի վկայությունն է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ պետք է աշխատել Լաչինի միջանցք ԵԱՀԿ կամ ՄԱԿ փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ: Իսկ ո՞րն է լինելու այդ փաստահավաք առաքելության իմաստը: Փաստահավաք առաքելությունը տեղում ի՞նչն է արձանագրելու: Որ ճանապարհը փա՞կ է, թե՞, որ ճանապարհը փակել են ոչ իրական բնապահպաններ: Իսկ որևէ երկրի համար դա գաղտնի՞ք է: Խոսքն այն երկրների մասին է, որոնք որևէ կերպ հետաքրքրված են ռեգիոնալ իրադրությամբ և ունեն դրա հետ կապված շահեր: Օրինակ, Բրիտանիայի գաղտնի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը, որ օրերս այցելել էր Հայաստան ու հանդիպել նաև վարչապետ Փաշինյանին, տեղյակ չէ՞, թե ինչ կոնտինգենտ է փակել ճանապարհը և իրականում ով է դրա հետևում: Թե՞ տեղյակ չեն ամերիկյան կամ ռուսական հետախուզությունները, կամ Ֆրանսիան: Հետևաբար, ի՞նչ է անելու փաստահավաք խումբը Լաչինի միջանցքում, եթե խնդիրը շատ ավելի պարզ է՝ միջանցքը փակ է և պետք է բացվի:

Հնարավոր է, որ Երևանը փորձում է «մրցակցություն» ստեղծել ռուս խաղաղապահների համար: Դա մի կողմից թվում է տրամաբանական քայլ, մյուս կողմից սակայն պահանջում է չափազանց նրբանկատություն, որովհետև մրցակցության «զգացումը» կամ գիտակցումը մի բան է տնտեսության, մեկ այլ բան ռազմա-քաղաքականության հարցերում, այն էլ համաշխահային պատերազմի պայմաններում, որի իրողությունը փաստվում է ոչ միայն փորձագիտական մակարդակով, այլ ընդհուպ Հռոմի Պապի շուրթերով: Կասկածից վեր է, որ այն, ինչ տեղի է ունենում Լաչինում ենթակա է այդ պատերազմի տրամաբանությանը:

1in.am